Ուկրաինան առաջարկում է անվտանգության միջազգային երաշխիքների շուրջ համաձայնագիր ստորագրել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ ամփոփելով Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների առաջին փուլի արդյունքները, հաղորդում է УНИАН-ը։

Նրա խոսքով՝ այս համաձայնագրի իրականացումը տեղի կունենա հետեւյալ ընթացակարգով. «Նախ կլինի հանրաքվե, որով Ուկրաինայի բոլոր քաղաքացիները կհայտնեն իրենց դիրքորոշումը այս պայմանագրի վերաբերյալ, որից հետո վավերացում՝ երաշխավոր երկրների խորհրդարաններում եւ Ուկրաինայի խորհրդարանում։ Սա առանցքային հարց է»,- ասել է նա։

Պոդոլյակի խոսքով՝ Ղրիմի հարցը պայմանագրի առանձին կետ է, որում ուկրաինական կողմն առաջարկում է ամրագրել Ուկրաինայի եւ Ռուսաստանի դիրքորոշումը, 15 տարվա ընթացքում երկկողմ բանակցություններ վարել Ղրիմի եւ Սեւաստոպոլի կարգավիճակի շուրջ։

Առանձին պարբերությամբ ուկրաինական կողմն առաջարկում է ռուսական կողմին հետեւյալը՝ Ուկրաինան եւ Ռուսաստանը չպետք է օգտագործեն ռազմական կամ զինված ուժեր՝ Ղրիմի հարցը լուծելու համար, քանի դեռ բանակցությունները շարունակվում են։

Ինչ վերաբերում է Դոնեցկին եւ Լուգանսկին, «այդ հարցերը ներառված են առանձին կետում, որը կքննարկվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների բանակցությունների շրջանակում»։ «Այսինքն՝ բոլոր վիճելի հարցերն արդեն քիչ թե շատ քննարկվել են, մեր առաջարկներն արվել են»,- ասել է Պոդոլյակը։

Միաժամանակ «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան նշել է, որ հանրաքվե կարող է տեղի ունենալ միայն խաղաղ պայմաններում։

Բացի այդ, ըստ նրա, ռուսական կողմը հայտարարել է, որ ճանաչում է Վիեննայի կոնվենցիան, որի հոդվածներից մեկում ասվում է, որ եթե միջազգային պայմանագիրը կնքվում է ճնշման ներքո, ապա այն ուժ չունի։