Գերմանիան հայտարարել է «վաղ նախազգուշացման» համակարգ ներդնելու մասին՝ բնական գազի արտակարգ իրավիճակների հետ կապված մտավախությունների պատճառով, քանի որ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը պատրաստվում է Ռուսաստանից մատակարարումների ամբողջական դադարեցման ռիսկին, հայտնում է CNBC-ն։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն ասել է, որ «վաղ նախազգուշացման» միջոցառումը երեք փուլերից առաջինն է եւ դեռ չի ենթադրում կառավարության միջամտություն գազի մատակարարումների նորմավորմանը: Սակայն Հաբեկը կոչ է արել սպառողներին եւ ընկերություններին նվազեցնել սպառումը՝ ասելով, որ էներգիայի սպառման կրճատումը օգնում է ինչպես Գերմանիային, այնպես էլ Ուկրաինային։
«Մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ ես պետք է հստակ ասեմ, որ խնայված էներգիայի յուրաքանչյուր կիլովատտ-ժամն օգնում է, եւ, հետեւաբար, ես կցանկանայի համատեղել գազի մատակարարման վաղ նախազգուշացման մակարդակի գործարկումն ընկերություններից եւ մասնավոր սպառողներից օգնություն խնդրելու հետ»,- ասել է Հաբեկը: «Դուք օգնում եք Գերմանիային, օգնում եք Ուկրաինային, երբ կրճատում եք գազի կամ էներգիայի սպառումն ընդհանրապես»:
Հաբեկի խոսքով՝ Գերմանիա մատակարարումները այս պահին պաշտպանված են, եւ կառավարությունը ուշադիր հետեւում է շուկայի օպերատորների հետ մատակարարման հոսքերին:
«Այնուամենայնիվ մենք պետք է ակտիվացնենք մեր կանխարգելիչ միջոցառումները, որպեսզի պատրաստ լինենք դիմակայելու Ռուսաստանի կողմից ցանկացած էսկալացիայի»,- ասել է Հաբեկը: «Վաղ նախազգուշացման մակարդակի մասին հայտարարությունը նշանակում է, որ ստեղծվել է ճգնաժամային թիմ»։
Գերմանիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ ճգնաժամային թիմը պարբերաբար կհանդիպի՝ իրավիճակը վերահսկելու եւ Եվրահանձնաժողովի հետ մշտական կապի մեջ լինելու համար:
Նախարարության տվյալներով՝ Գերմանիայում այժմ ապահովված է գազի բոլոր սպառողների ընդհանուր մատակարարումը, իսկ շուկաներում բավարար քանակությամբ գազ կա։
Հաբեկը նշել է, որ Գերմանիան, որն անցյալ տարի Ռուսաստանից ներմուծել է իր գազի մոտ 55 տոկոսը, մինչեւ 2024թ․ կեսերը չի կարողանա հասնել Մոսկվայից լիարժեք անկախության:
Եվրամիությունն իր գազի մոտավորապես 40 տոկոսը Ռուսաստանից է ստանում։
Գերմանական Bundesnetzagentur ցանցային կարգավորող մարմնի ղեկավար Կլաուս Մյուլլերը Twitter-ում ասել է, որ վաղ նախազգուշացումը կօգնի Գերմանիային եւ Եվրամիությանը խուսափել գազի մատակարարումների վատթարացումից: Մյուլլերը կոչ է արել սպառողներին եւ ոլորտի ղեկավարներին պատրաստվել «բոլոր սցենարներին»:
Գերմանիայի գազի արտակարգ պլանը երեք մակարդակ ունի։ Ներկայումս դրանցից գործարկվել է առաջինը՝ վաղ նախազգուշացման միջոցառմամբ, որը նախատեսված է մատակարարումներում հնարավոր խափանման ռիսկին նախապատրաստվելու համար:
Երկրորդ մակարդակը վերաբերում է տագնապին, որի դեպքում սովորական հավասարակշռությունը զգալիորեն խախտված է, սակայն կառավարությունը կարծում է, որ այն դեռ կարելի է շտկել շուկայական միջոցներով։
Երրորդ մակարդակը արտակարգ իրավիճակն է, երբ անհրաժեշտ է միջամտություն: Դրանից հետո Bundesnetzagentur-ը պետք է որոշի ինչպես գազի մնացած պաշարները բաշխել ողջ երկրում։





























