Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում ջերմաստիճանը 1990-ականներից երկու անգամ բարձրացել է համաշխարհային միջին մակարդակից՝ 1,5 աստիճանով։ Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում, հաղորդում է AFP-ը։
Զեկույցը զգուշացնում է, որ տարածաշրջանը գտնվում է կլիմայական ճգնաժամի առաջին գծում, որտեղ սննդի անվտանգությունն ու հանրային առողջությունը վտանգի տակ են, իսկ աղքատության եւ հակամարտությունների ռիսկերը մեծացել են։
Մեկ տարում միջինում կլիմայական աղետները Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում հանգեցրել են յոթ միլիոն մարդու տեղահանման, վիրավորումների, ավելի քան 2600 մարդու մահվան եւ 2 միլիարդ դոլարի ֆիզիկական վնասի, ասվում է զեկույցում։
ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան ասել է, որ աղետների ցանկն արագ աճում է, եւ այդ աղետների տնտեսական եւ ֆինանսական ազդեցությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի աճի եւ բարգավաճման համար։
Զեկույցում ասվում է, որ տարածաշրջանում միջին ջերմաստիճանն այս դարում բարձրացել է 1,5 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի համաշխարհային միջինի 0,7 աստիճան մակարդակից, մինչդեռ անձրեւներն ավելի անկանոն են դարձել, եւ աղետները, ինչպիսիք են երաշտը եւ ջրհեղեղները, ավելացել են։





























