Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Ռուսաստանից երաշխիքներ է ստացել, որ եվրոպական ընկերությունները ստիպված չեն լինի ռուբլով վճարել ռուսական գազի մատակարարումների դիմաց, գրում է AP-ը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի գրասենյակը հայտնել է, որ կանցլերն այդ հարցը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ասել է, որ նախատեսում է ստորագրել օրենք, ըստ որի՝ գազի մատակարարումներն ապրիլի 1-ից կվճարվեն ռուբլով, հայտնել են Շոլցի գրասենյակից։

«Միեւնույն ժամանակ, զրույցի ընթացքում Պուտինն ասել է, որ փոփոխություններ չեն լինի եվրոպական գործընկերների համար, որոնք կշարունակեն Գազպրոմբանկին վճարել միայն եվրոյով։ Բանկը վճարումները կվերածի ռուբլու»,- հավելել են Շոլցի գրասենյակից։

Գերմանիայի կանցլերը չի համաձայնել ընթացակարգի հետ եւ փոխարենը պահանջել է գրավոր տեղեկատվություն՝ գործընթացն ավելի լավ հասկանալու համար: