Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կանխատեսում է 10 տոկոս տնտեսական աճի նվազում Ռուսաստանում՝ Ուկրաինայում պատերազմի հետեւանքով։ Այս իրավիճակը կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա, նշվել է տարածաշրջանում տնտեսության վիճակի մասին բանկի հրապարակած զեկույցում։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները տեսանելի ապագայում կպահպանվեն, ինչը 2022թ. ՀՆԱ-ի կտրուկ անկումից հետո ռուսական տնտեսությունը 2023թ. լճացման մեջ կգցի։ Դա բացասական ազդեցություն կունենա Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք հարեւան երկրների վրա»,- նշվել է զեկույցում։

Ըստ զեկույցի հեղինակների՝ ԵՏՄ-ի անդամ երկրներում հավանական են առեւտրի խափանումները, իսկ էներգակիրների եւ ցորենի բարձր գները կնպաստեն բարձր մակարդակի գնաճի առաջացմանը։

«Հայաստանը եւ Վրաստանը Ռուսաստան արտահանման մեծ բաժին ունեն (25-30 տոկոս), ինչի վրա, հավանաբար, կազդի պատժամիջոցների տակ գտնվող ռուսական տնտեսության սպասվող անկումը։ Վրաստանը կարող է լրացուցիչ տուժել Ռուսաստանից եւ Ուկրաինայից զբոսաշրջության նվազումից, ինչը խիստ կազդի հյուրընկալության առանց այդ էլ տուժած արդյունաբերության վրա։ Հայաստանը կարող է տուժել Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումից։ Դա ինչ-որ չափով կարող է փոխհատուցվել այստեղ եկող եւ Հայաստանում ու Վրաստանում ապաստան փնտրող ռուսաստանցիների թվի ավելացմամբ»,- նշվել է զեկույցում։ Բայց, ըստ զեկույցի հեղինակների, Ադրբեջանի տնտեսությունը կարող է շահել նավթի գների աճից եւ եվրոպական երկրների որոշումից՝ անցնել նավթի ու գազի այլընտրանքային մատակարարների, ինչը կհանգեցնի ՀՆԱ-ի արագ աճի 2022թ.։

Հետհակամարտային հնարավոր սցենարների տնտեսական հետեւանքները ներկայում դժվար է գնահատել երկարաժամկետ հեռանկարում, բայց դրանք կարող են լուրջ լինել այս տարածաշրջանի երկրների համար։ Անգամ եթե հակամարտությունը թուլանա, նոր լուրջ սրացման պահպանվող վտանգը, ըստ երեւույթին, կշարունակի կործանարար ազդեցություն ունենալ ներդրումային մթնոլորտի եւ ֆինանսավորման պայմանների վրա, նշել են հեղինակները։