Իտալիան միայն 2028թ․ կհասնի պաշտպանության վրա ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսելու ՆԱՏՕ-ի նպատակին, հայտարարել է վարչապետ Մարիո Դրագին, փոխանցում է Reuters-ը։

Կառավարությունը ռազմական ծախսերիի համար ներկայումս ՀՆԱ-ի մոտ 1,4 տոկոսն է հատկացնում եւ առաջիկա երկու տարվա ընթացքում իր պաշտպանական բյուջեն պետք է ավելացնի 12 մլրդ եվրոյով, որպեսզի հասնի Ատլանտյան դաշինքի անդամների կողմից 2014թ․ սահմանված նպատակին:

Մինչեւ ուկրաինական ճգնաժամը ոչ ոք չէր սպասում, որ Իտալիան կկատարի 2024-ի վերջնաժամկետը, սակայն հակամարտությունը ստիպել է ՆԱՏՕ-ի երկրներին ուժեղացնել իրենց զինված ուժերը:

Դրագիի խոսքով՝ Իտալիան կկատարի իր միջազգային պարտավորությունները, սակայն իշխող «Հինգ աստղի շարժումը» սպառնացել է թույլ չտալ ցանկացած անիմաստ ծախս՝ ասելով, որ այդ փողերն ավելի լավ է աղքատության դեմ պայքարի համար օգտագործել:

Դրագին ասել է, որ 2024թ․ վերջնաժամկետը պետք է դիտվի որպես «ցուցում, այլ ոչ թե նպատակ»՝ հավելելով, որ 2028թ․ ավելի հասանելի նպատակ է: «Սա նպատակ է, որին մենք պետք է ձգտենք հետեւողականորեն եւ իրատեսորեն»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի տվյալներով՝ Իտալիան 2021թ․ ՀՆԱ-ից պաշտպանական ծախսերով ներքեւից վեցերորդն է ՆԱՏՕ-ի 29 երկրների շարքում։ Բյուջեի մոտ 60,5 տոկոսն ուղղվել է աշխատավարձերին, ինչը դաշինքում մեծությամբ երկրորդ ցուցանիշն է։ Սա քիչ գումար է թողնում ռազմական գնումների, ուսուցումների, տեխնիկական սպասարկման եւ ենթակառուցվածքների համար: