Ռուսաստանը, ի պատասխան հակառուսական պատժամիջոցների, ընդլայնում է ԵՄ անդամ երկրների եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելվում է, սահմանափակումները տարածվում են Եվրամիության բարձրագույն ղեկավարության վրա։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Եվրամիության զանգվածային միակողմանի պատժամիջոցներին ի պատասխան՝ միջազգային իրավունքի համար հիմնարար փոխադարձության սկզբունքի համաձայն, ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է Եվրամիության անդամ երկրների եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչների ցանկը, որոնց մուտքը մեր երկիր, համաձայն «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու եւ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» 1996 թ․ օգոստոսի 15-ի թիվ 114-ՖԶ դաշնային օրենքի, արգելվում է, հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից։ Սահմանափակումները վերաբերում են Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը, ներառյալ մի շարք եվրահանձնակատարների եւ ԵՄ ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնության, որոնք հակառուսական քաղաքականություն են քարոզում: Պատասխան ռուսական սեւ ցուցակում ընդգրկված են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵՄ անդամ որոշ երկրների կառավարությունների եւ խորհրդարանների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հասարակական գործիչներ եւ լրատվամիջոցների աշխատողներ, ովքեր անձամբ պատասխանատու են հակառուսական անօրինական պատժամիջոցների խթանման, ռուսաֆոբիայի տրամադրություններ հրահրելու եւ ռուսալեզու բնակչության իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու համար։

ՌԴ ԱԳՆ-ի համապատասխան նոտան փոխանցվել է Մոսկվայում ԵՄ պատվիրակությանը։

Ռուսաստանը կշարունակի կոշտ եւ անշեղորեն պատասխանել Եվրամիության եւ նրա անդամ երկրների ցանկացած թշնամական գործողության: Եվրամիությունն իր գործողություններով ոչ միայն փակուղի է մտցնում Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլեւ վտանգում է սեփական քաղաքացիների բարեկեցությունը եւ անվտանգությունը, ինչպես նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը»,- ասված է հայտարարության մեջ։