Շրի Լանկայում ցուցարարները փորձել են գրոհել նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի նստավայրը։ Տնտեսական ճգնաժամի հետ կապված բողոքի ակցիաներն անկարգությունների են վերածվել, ծանր վիրավորվել է առնվազն մեկ մարդ։

Անվտանգության ուժերը կրակ էին բացել ամբոխի վրա (պարզ չէր՝ արդյո՞ք նրանք մարտական ​​փամփուշտներ, թե ռետինե փամփուշտներ էին օգտագործում) եւ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառել Ռաջապակսայի հրաժարականը պահանջող ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է AFP-ն:

Ընդդիմադիր ակտիվիստները ջահեր էին բռնել ցույցի ժամանակ՝ դատապարտելով գազի, կերոսինի եւ որոշ այլ ապրանքների դեֆիցիտը, քանի որ երկիրը կանգնած է արժութային լուրջ ճգնաժամի առաջ: Ցուցարարները այրել էին բանակային ավտոբուսը, որը կայանված էր Կոլոմբոյի Միրիհանա բնակելի թաղամասում գտնվող Ռաջապակսայի տուն տանող ծառուղու վրա, ինչպես նաեւ՝ ոստիկանական մեքենան:

Պաշտոնական աղբյուրները AFP-ին հայտնել են, որ Ռաջապակսան անկարգությունների պահին նստավայրում չէր:

Մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո անժամկետ պարետային ժամ է մտցվել։

Հարավասիական 22 միլիոնանոց երկիրը անկախությունից ի վեր իր ամենավատ անկումն է ապրում, ինչը պայմանավորված է արտարժույթի խիստ պակասով, նույնիսկ՝ ամենակարեւոր ներմուծման դիմաց վճարելու համար:

Վերջին օրերին դիզվառելիքի պակասը վրդովմունք էր առաջացրել ամբողջ Շրի Լանկայում, սակայն բողոքի ցույցերը մինչ այժմ տեղի էին ունենում քաղաքներում եւ ուղղված չէին բարձրագույն ղեկավարության դեմ: