Ճապոնիայի կառավարությունը հաստատել է նոր պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ՝ վերջինիս կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման հետ կապված:

Ճապոնիան արդեն արգելք է սահմանել առեւտրի եւ նավերի մուտքի վրա Փհենյանի դեմ միակողմանի պատժամիջոցների շրջանակներում: Նոր պատժամիջոցները տարածվել են « միջուկային եւ հրթիռային մշակմամբ զբաղվող չորս ձեռնարկության եւ ինը մարդու վրա»։

Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ակտիվները կսառեցվեն, լրագրողներին ասել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյա Հիրոկազու Մացունոն։

Ավելի վաղ Վաշինգտոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոչ էր արել «Փհենյանի դեմ պատժամիջոցների ռեժիմը երկարաձգելու եւ ուժեղացնելու բանաձեւ ընդունել»՝ 2017 թվականից ի վեր Փհենյանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին արձակումից հետո:

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ արձակումը Hwasong-17 հեռահար հրթիռի հաջող փորձարկում դարձավ, որը, վերլուծաբանների կարծիքով, կարող է մի քանի մարտագլխիկ կրել:

Սակայն Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը AFP-ին ասել է, որ Սեուլը եւ Վաշինգտոնն այն եզրակացության են հանգել, որ իրականում արձակումն իրականացվել էր  Hwaseong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով, որը Փհենյանը փորձարկել էր 2017 թվականին:

Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ արձակումը զգալի առաջընթաց է ցույց տվել: