Եմենում ութ տարի շարունակվող հակամարտության երկու կողմերը՝ Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերը եւ Իրանի կողմից աջակցվող հուսի ապստամբ զինյալները երկու ամսով վայր կդնեն զենքը, ուրբաթ ասել է Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգը։ Հրադադարը կսկսվի ապրիլի 2-ի երեկոյան՝ մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա հետ միասին, հայտնում է Deutsche Welle-ն։
Գրունդբերգն իր հայտարարության մեջ նշել է, որ «կողմերը պայմանավորվել են դադարեցնել բոլոր հարձակողական ռազմական օդային, ցամաքային եւ ծովային օպերացիաները Եմենի տարածքում եւ դրա սահմաններից դուրս»։ Համաձայնությունը ձեռք է բերվել երկու օր անց այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան հայտարարեց Ռամադան ամսվա ընթացքում ռազմական գործողությունների դադարեցման մասին:
ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագրի շրջանակում վառելիքով նավերին կթույլատրվի կառանվել Հոդեյդա նավահանգստում։ Նավահանգիստ մուտքի բացակայությունը ստիպեց հուսիներին հրաժարվել չորեքշաբթի հրադադարի մասին Էր Ռիադի առաջարկից: Գրունդբերգի խոսքով՝ հրադադարը կարող է երկարաձգվել, եւ հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել պատերազմը։ «Ես նախատեսում եմ ակտիվացնել աշխատանքը կողմերի հետ՝ վերջնական հրադադարի, տնտեսական եւ հումանիտար անհետաձգելի միջոցառումների, ինչպես նաեւ քաղաքական գործընթացի վերսկսման նպատակով»,- ասել է նա։
«Այս հրադադարի նպատակն է եմենցիներին բռնությունից շունչ քաշելու հնարավորություն ընձեռելը, հումանիտար տառապանքի մեղմացումը եւ, ամենակարեւորը՝ հույս տալը, որ այս կոնֆլիկտի ավարտը հնարավոր է»,- հավելել է ՄԱԿ-ի հատուկ բանագնացը:





























