Ռուս զինվորականները հայտարարել են Ուկրաինայում Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանին օդանավերից եւ նավերից ճշգրիտ կառավարվող զենքերով հարվածների մասին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Այսօր առավոտյան բարձր ճշգրտության օդային եւ ծովային զենքերը ոչնչացրել են Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանում բենզինի եւ դիզելային վառելիքի պահեստարանները, որտեղից ուկրաինական զորքերի խումբը մատակարարվում էր երկրի կենտրոնական եւ արեւելյան շրջաններում»,- ասել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
«Բարձր ճշգրտության օդային տեղակայման հրթիռներով շարքից դուրս են բերվել Պոլտավա եւ Դնեպրոպետրովսկ քաղաքների ռազմական օդանավակայանները»,- հայտարարել է նա:
Գիշերվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան եւ հրթիռային ուժերը խոցել են Ուկրաինայի 67 ռազմական օբյեկտ։ «Դրանց թվում՝ երկու հրամանատարական կետ, հրթիռային եւ հրետանային զենքի եւ զինամթերքի երկու պահեստ, 9 դաշտային հրետանի եւ ականանետ, ինչպես նաեւ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական տեխնիկայի կենտրոնացման 54 տարածք»,- ասել նա շաբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Հատուկ ռազմական օպերացիայի սկզբից ոչնչացվել է ընդհանուր 124 ինքնաթիռ եւ 84 ուղղաթիռ, 381 անօդաչու թռչող սարք, 1882 տանկ եւ այլ զրահատեխնիկա, 203 բազմակի հրթիռահրետանային կայանք, 786 դաշտային հրետանի եւ ականանետ, ինչպես նաեւ 1764 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիակ»,- ասել է Կոնաշենկովը։
Ուկրաինայի Սումի քաղաքի եւ Ուրոժայնոյե բնակավայրի տարածքներում ոչնչացվել է հակառակորդի երկու «Մի-24» հարվածային ուղղաթիռ։ «Օդում ոչնչացվել է նաեւ ուկրաինական 24 անօդաչու թռչող սարք», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։




























