ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Բելառուսի եւ Ռուսաստանի ղեկավարների հարաբերություններն ունիկալ է անվանել, թեեւ խոստովանել է, որ Պուտինն ու Լուկաշենկոն հաճախ են կոշտ խոսում միմյանց հետ, գրում է «Sputnik-Բելառուս»-ը։ Այդ մասին Պեսկովը պատմել է «Բելառուս-1»-ին:

«Ալեքսանդր Գրիգորեւիչը (Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո - Sputnik) բացարձակապես ունիկալ հարաբերությունների մեջ է մեր նախագահի հետ։ Նրանց հարաբերություններն իսկապես յուրահատուկ ունեն»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ պետությունների ղեկավարներն «ինչպես ոչ ոք» հասկանում են երկրներում եւ մեր շուրջը տեղի ունեցողի էությունը: Այդ կապակցությամբ նա անդրադարձել է Ուկրաինայի թեմային։

«Վստահ եմ, որ Ուկրաինայում տեղի ունեցողի համար Ալեքսանդր Գրիգորեւիչի սիրտը ոչ պակաս է ցավում, քան Վլադիմիր Վլադիմիրովիչինը։ Դա իսկապես այդպես է: Եւ նրանք հասկանում են միմյանց: Եվ այն տարաձայնությունները, որոնք մենք կարող ենք ունենալ, նրանք նույնպես հասկանում են», - ասել է Պեսկովը:

Նա նաեւ ընդգծել է, որ Պուտինի եւ Լուկաշենկոյի համար բոլոր ժամանակներում վճռորոշ է իրենց բարեկամական երկխոսության շարունակությունը։

«Չնայած, հավատացեք, նրանք երբեմն միմյանց այդքան էլ հաճելի բաներ չեն ասում, շատ կոշտ, որովհետեւ, ի վերջո, կան Բելառուսի շահեր եւ կան Ռուսաստանի շահեր։ Նրանք շատ կոշտ են պաշտպանում իրենց երկրների շահերը»,- ասել է Պեսկովը։