Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի բենզալցակայանների մոտ ոստիկաններ են հայտնվել, իսկ խանութները շաբաթ օրը դանդաղորեն վերաբացվում են՝ առաջին օրը աննախադեպ տնտեսական ճգնաժամի պայմաններում աճող անկարգությունների դեմ պայքարի համար արտակարգ դրության հայտարարումից հետո, հաղորդում է Reuters-ը:
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան ուրբաթ ուշ երեկոյան հրաման էր արձակել կոշտ օրենքների մասին, որոնք թույլ կտան զինվորականներին առանց հրամանագրի ձերբակալել եւ կալանավորել կասկածյալներին: Արտակարգ դրությունն անհրաժեշտ էր հասարակական կարգի պահպանման եւ հիմնական մատակարարումներին ու ծառայություններին աջակցության համար, նշել է նա իր հրամանագրում։
Վառելիքի և այլ անհրաժեշտ պարագաների պակասից վրդովված՝ Ռաջապաքսայի նստավայրի մոտ հարյուրավոր ցուցարարներ հինգշաբթի բախվել էին ոստիկանների եւ զինվորականների հետ եւ մի քանի ոստիկանական եւ բանակային ավտոմեքենաներ այրել: Ցուցարարները երկրի ղեկավարին կոչ են արել հրաժարական տալ։
Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 50 մարդու, ապա պարետային ժամ է սահմանել Կոլոմբոյում եւ դրա շրջակայքում:
Շարունակվող ճգնաժամը, որը իրար հաջորդած կառավարությունների տնտեսական սխալ կառավարման արդյունքն է, սրվում է COVID-19 համավարակի պատճառով, որը հարվածել է զբոսաշրջությանը եւ դրամական փոխանցումներին:
Դա նաեւ նշանավորել է դրամատիկ շրջադարձը Ռաջապակսայի ճակատագրում, ով իշխանության եկավ 2019 թվականին ձայների մեծամասնությամբ՝ կայունություն խոստանալով ժողովրդին:
Կառավարությունը հայտարարել է, որ փրկություն է փնտրում Արժույթի միջազգային հիմնադրամից, ինչպես նաեւ նոր վարկեր է խնդրում Հնդկաստանից եւ Չինաստանից:





























