Հյուսիսային Կորեայի առաջնորդի ազդեցիկ քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որը բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում ԿԺԴՀ Աշխատավորական կուսկացության Կենտրոնական հանձնաժողովի քաղխորհրդում, Հարավային Կորեայի պաշտպանության նախարարին «սրիկա» է անվանել ԿԺԴՀ-ի ուղղությամբ կանխարգելիչ հարվածների մասին խոսակցության պատճառով, հաղորդում է Associated Press-ը:
Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է, որ Հարավային Կորեան ինը կարող է բախվել «լուրջ սպառնալիքի»:
Կիմ Յո Չժոնի հայտարարությունը հնչել է ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ լարվածության սրման ֆոնին՝ կապված ԿԺԴՀ-ի կողմից այս տարի զենքի մի շարք փորձարկումների անցկացման հետ, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին արձակումը վերջին 4 տարում: Որոշ փորձագետներ կարծում են, որ նրա հայտարարությունները կարող են նշանակել, որ Հյուսիսային Կորեան շուտով զենքի ավելի նշանակալի փորձարկումներ կիրականացնի եւ կոշը դիրքորոշում կզբաղեցնի Հարավային Կորեայի նկատմամբ:
Ուրբաթ այցելելով երկրի ռազմավարական հրթիռային հրամանատարություն՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկը հայտարարել էր, որ Հարավային Կորեան հնարավորություն ունի եւ պատրաստ է ճշգրիտ հարվածներ հասցնելու Հս. Կորեայի ուղղությամբ, եթե հայտնաբերի, որ Հյուսիսը մտադիր է հրթիռակոծել Հարավային Կորեան:
Կիրակի Կիմի քույր Կիմ Յո Չժոնը Սուի հասցեին հանդես է եկել կտրուկ հռետորաբանությամբ եւ սպառնալիքներ հնչեցրել Սեուլի հանդեպ:
«Այդ անզգամ սրիկան համարձակվում է խոսել «կանխարգելիչ հարվածի» մասին մի պետության ուղղությամբ, որը միջուկային զենք ունի: Հարավային Կորեան կարող է բախվել լուրջ սպառնալիքի իր պաշտպանության նախարարի անմիտ արտահայտությունների պատճառով»,- ասել է Կիմ Յո Չժոնը, որի հայտարարությունը հրապարակվել է տեղի ԶԼՄ-ներում:





























