Հռոմի Ֆրանցիոսկոս պապը կիրակի Մալթա կատարած այցի շրջանակում աղոթել է, որ աշխարհն ավելի շատ բարություն ու կարեկցանք դրսեւորի փախստականների հանդեպ, հաղորդում է Associated Press-ը:
Մալթայում իր երկրորդ եւ վերջին օրը Ֆրանցիսկոս պապն սկսել է Ռաբաթում Սուրբ Պողոսի քարանձավ այցելությունից, որտեղ վերջինս կանգ էր առել 60 թ. Հռոմի ճանապարհին տեղի ունեցած նավաբեկությունից հետո: Աստվածաշնչյան պատմության համաձայն՝ մալթիացիները Պողոսի նկատմամբ անսովոր բարություն են դրսեւորել, եւ նա դրան պատասխանել է քարոզելով ու բուժելով՝ քրիստոնեություն տարածելով կղզում:
«Ոչ ոք չգիտեր նրանց անունները, ծննդավայրը կամ սոցիալական դրությունը: Նրանք գիտեին միայն մի բան, այն որ այդ մարդիկ օգնության կարիք ունեն»,- ասել Ֆրանցիսկոս պապը քարանձավում աղոթելիս:
Հռոմի պապն, օգտվելով իր երկօրյա այցից, կոչ է արել Եվրոպային նույնպիսի հյուրընկալ ընդունելության արժանացնել փախստականներին, ինչպես Մալթան Սուրբ Պողոսին: Այդ ուղերձով սրբազան քահանայապետն իր երախտագիտությունն է հայտնել ընդունելության համար, որը Եվրոպան ցուցաբերում է Ուկրաինայում տիրող ճգնաժամից փախչող ներգաղթյալներին:
Ժամանակակից Մալթան վաղուց արդեն գտնվում է փախստականների նկատմամբ քաղաքականության եվրոպական քննարկումների կենտրոնում: Երկիրը հաճախ քննադատության է ենթարկվում հումանիտար կազմակերպությունների կողմից, քանի որ հրաժարվում է թույլ տալ փրկարարական նավերին մտնել իր նավահանգիստներ:





























