Հարյուրավոր ցուցարարներ կիրակի բողոքի ակցիա են իրականացրել Սինգապուրում՝ ընդդեմ մահապատժի, քանի որ ահագնանում են մտավախությունները, որ քաղաք-պետությունը պատրաստվում է մի շարք մահապատիժներ իրականացնել կախաղան հանելու միջոցով, հաղորդում է Agence France Presse-ը:

Անցյալ շաբաթ իշխանություններն իրականացրել են 2019 թ. ի վեր առաջին մահապատիժը՝ կախաղան հանելով թմրավաճառին: Վերջերս մերժվել են եւս մի քանի մահպատժի դատապարտվածների բողոքարկումները:

Կազմակերպիչների խոսքով՝ մոտ 400 մարդ է միացել քաղաքի կենտրոնական այգում անցկացված ցույցին:

Ցուցարարները պաստառներ են պատրաստել՝ «Մահապատիժը մեզ անվտանգություն չի տալիս» եւ «Մի սպանեք հանուն մեզ» գրություններով:

Ցույցերն անսովոր են Սինգապուրի համար, որը հաճախ քննադատությունների է ենթարկվում քաղքացիական ազատությունների սահմանափակման համար: