Կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած ջրհեղեղները, հրդեհները եւ երաշտը մինչեւ դարի վերջը կարող են լրջորեն կրճատել ԱՄՆ դաշնային բյուջեն, հայտարարել է Սպիտակ տունը, գրում է Reuters-ը։
Անցած մայիսին նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ Կառավարման եւ բյուջեի վարչության կողմից գնահատումը ցույց է տվել, որ կլիմայի փոփոխության հետեւանքով բյուջեի վնասի վերին սահմանաչափը մինչեւ դարի վերջը կարող է եկամուտների տարեկան կորուստների մինչեւ 7,1 տոկոսը կազմել, որը տարեկան 2 տրլն դոլարի է հավասար:
Վերլուծությունը ցույց է տվել, որ դաշնային կառավարությունը կարող է տարեկան լրացուցիչ 25-ից 128 մլրդ դոլար ծախսել այնպիսի միջոցառումների վրա, ինչպիսիք են ափամերձ տարածքներում աղետների հետեւանքների վերացումը, ջրհեղեղներից բերքի ապահովագրությունը եւ առողջության ապահովագրությունը, անտառային հրդեհների մարումը:
Անցյալ տարի ԱՄՆ-ի արեւմուտքում ռեկորդային շոգն ու երաշտը առաջացրեցին երկու զանգվածային անտառային հրդեհներ, որոնք տարածվեցին Կալիֆոռնիայում ու Օրեգոնում, եւ երկու նահանգների պատմության մեջ ամենախոշորներից մեկը դարձան:
Օվկիանոսների եւ մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչությունը մարտին հայտարարել է, որ սաստիկ երաշտը, որը 2020թ․ կեսերից սկսվել է ԱՄՆ-ի արեւմտյան հատվածներում, հավանաբար, կշարունակվի կամ կուժեղանա այս գարնանը:
ԱՄՆ ռազմաբազաները, ներառյալ Նեբրասկայի «Օֆֆաթ» ռազմաօդային բազան եւ Ֆլորիդայի «Թինդալ» ռազմաօդային բազան, վերջին տարիներին միլիարդավոր դոլարների վնաս են կրել ջրհեղեղների եւ փոթորիկների պատճառով:
Անտառային հրդեհների աճը դաշնային հրդեհաշիջման ծախսերը տարեկան 1,55 մլրդ դոլարից մինչեւ 9,6 մլրդ դոլարով կարող է ավելացնել: Գրեթե 12 200 դաշնային շենքեր եւ շինություններ կարող են ջրի տակ մնալ ծովի մակարդակի բարձրացման պատճառով, իսկ փոխարինման ծախսերը մոտ 44 մլրդ դոլար կկազմեն:





























