Չնայած պատժամիջոցներին՝ Ռուսաստանն էներգակիրների արտահանումից կվաստակի մոտ 321 միլիարդ դոլար՝ ավելի քան մեկ երրորդով ավելի, քան 2021թ․, գրում է Bloomberg Economics-ը։ Ըստ Միջազգային ֆինանսների ինստիտուտի՝ ընթացիկ գործարքների ռեկորդային պրոֆիցիտը կարող է գերազանցել 240 միլիարդ դոլարը:
Ռոբին Բրուքսի գլխավորած IIF-ի տնտեսագետների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ռուսաստանի ընթացիկ գործարքների հաշվի դրական սալդոյի խոշորագույն շարժիչ ուժը մնում է ամուր։ Գործող պատժամիջոցների առկայության դեպքում ակնկալվում է, որ կոշտ արժույթի մեծ հոսքը Ռուսաստան կշարունակվի։
Այնուամենայնիվ, եթե արգելք մտցվի էներգակիրների վաճառքի վրա, ապա հավասարումը կարող է արմատապես փոխվել։ Առանց այդ էլ Ռուսաստանի նավթի արտահանումն ու արդյունահանումը նվազում է, իսկ Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է, որ Ռուսաստանն այս ամիս կկորցնի իր նավթի արդյունահանման մոտ մեկ հինգերորդը:
Ռուսաստանի վաղեմի հաճախորդներից շատերը նախընտրում են այլ երկրներ եւ հրաժարվում են նոր պայմանագրեր կնքել ռուսական ապրանքների համար։ Մյուսները, օրինակ՝ Հնդկաստանը, ստանում են զգալի զեղչեր:
Անցած տարի նավթին ու գազին բաժին է ընկել Ռուսաստանի արտահանման կեսից ավելին եւ երկրի բյուջեի եկամուտների մոտ 40 տոկոսը։
«Ածխաջրածինների եկամուտները փրկօղակ են Ռուսաստանի տնտեսության համար, որն օգնում է մեղմել պատժամիջոցների հետեւանքները եւ կանխել վճարային հաշվեկշռի ճգնաժամը: Բայց նույնիսկ առանց էներգետիկ էմբարգոյի՝ ինֆլյացիան կտրուկ աճում է, եւ խորը ռեցեսիա սպասվում»,- ասել է վերլուծաբան Սքոթ Ջոնսոնը:
TS Lombard-ի գնահատմամբ՝ ռուբլու կտրուկ արժեզրկման եւ նավթի գների աճի համակցությունը Ռուսաստանի բյուջե կբերի լրացուցիչ 8,5 տրիլիոն ռուբլի (103 միլիարդ դոլար):
Թեեւ Ուկրաինայի շուրջ ստեղծված դիմակայությունը խաթարել է էներգակիրների արտահանումը, ակնկալվում է, որ ազդեցությունը ներմուծման եւ ներքին պահանջարկի վրա այնքան լուրջ կլինի, որ ընթացիկ գործարքների հաշիվը կարող է նոր ռեկորդ սահմանել անցյալ տարվա 120 միլիարդ դոլար ցուցանիշից հետո:
Goldman Sachs Group Inc.-ի տվյալներով՝ այս տարի ընթացիկ գործարքների հաշվի դրական սալդոն վերանայվել է՝ հասնելով 205 միլիարդ դոլարի, ինչը կարող է բավարար լինել Ռուսաստանի Բանկի համար՝ բավարարելու մասնավոր հատվածի պահանջարկը արտասահմանյան արժույթով եւ ի վերջո չեղարկելու կապիտալի շարժի հսկողությունը։
Քանի որ ռուս սպառողներն արդեն բախվում են ցնցումների՝ գնաճից մինչեւ եկամուտների կորուստ, Goldman-ի տնտեսագետները կանխատեսում են ներմուծման 20 տոկոսանոց անկում այս տարի, ինչը կրկնակի գերազանցում է արտահանման կանխատեսվող անկումը:
Հզոր հաշվեկշիռը չի փրկի Ռուսաստանին լուրջ ռեցեսիայից, այլ թույլ կտա կառավարությանը շարունակել ծախսերը արտաքին ֆինանսական շուկաներ մուտքի բացակայության ժամանակաշրջանում:




























