ԱՄՆ-ում ակտիվների քանակով խոշորագույն JPMorgan բանկի գլխավորր տնօրեն եւ նախագահ Ջեյմի Դայմոնը բաժնետերերին ուղղված իր տարեկան նամակում մատնանշել է երկրի առջեւ ծառացած ռիսկերի հնարավոր աննախադեպ համադրությունը, հաղորդում է CNBC-ն:
Երեք ուժեր, հավանաբար, կձեւավորեն աշխարհը առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում՝ ԱՄՆ-ի տնտեսական վերականգնումը Covid համավարակից հետո, բարձր ինֆլյացիան, որը սկիզբ կդնի տոկոսադրույքների աճի դարաշրջանին, ինչպես նաեւ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ դրա հետեւանքով հումանիտար ճգնաժամը»:
«Վերոնշյալ երեք գործոններից յուրաքանչյուրն ինքնին հազվագյուտ է՝ COVID-19 համավարակից կտրուկ վերականգնումը, տոկոսադրույքները արագ բարձրացնելու հավանական անհրաժեշտությունը եւ քանակական մեղմացման պահանջվող չեղարկումը, ինչպես նաեւ՝ Ուկրաինայում պատերազմը եւ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ»,- գրել է Դայմոնը։
«Ուկրաինայում պատերազմը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները առնվազն կդանդաղեցնեն համաշխարհային տնտեսությունը, եւ այն հեշտությամբ կարող է վատթարանալ»,- գրել է նա: Սա պայմանավորված է անորոշությամբ այն բանի հանդեպ, թե ինչպես կավարտվի հակամարտությունը եւ դրա ազդեցությունը մատակարարումների շղթաների վրա, հատկապես՝ էներգիայի մատակարարումների։
Դայմոնը հավելել է, որ JPMorgan-ի ղեկավարությանը չի անհանգստացնում Ռուսաստանի վրա դրա անմիջական ազդեցությունը, թեեւ բանկը «դեռեւս կարող է մոտ 1 մլրդ դոլար կորցնել ժամանակի ընթացքում»:
Պատերազմի տնտեսական հետեւանքների մասին
«Մենք ակնկալում ենք, որ պատերազմի հետեւանքները եւ դրանից բխող պատժամիջոցները կհանգեցնեն Ռուսաստանի ՀՆԱ-ի 12,5 տոկոսով կրճատմանը մինչեւ տարվա կեսը (ավելի վատ, քան 1998-ի դեֆոլտից հետո 10 տոկոսանոց անկումը): Մեր տնտեսագետներն այժմ կարծում են, որ եվրոյի գոտում, որը մեծապես կախված է ռուսական նավթից եւ գազից, 2022թ․ ՀՆԱ-ի աճը կկազմի շուրջ 2 տոկոս՝ 4,5 տոկոս աճի փոխարեն, որը մենք սպասում էինք ընդամենը վեց շաբաթ առաջ: Ընդհակառակը, նրանք ակնկալում են, որ ԱՄՆ տնտեսությունը կաճի մոտ 2,5 տոկոսով՝ նախկինում կանխատեսված 3 տոկոսի համեմատ։ Բայց ես զգուշացնում եմ, որ այս գնահատականները հիմնված են ուկրաինական պատերազմի եւ ներկայիս պատժամիջոցների վերաբերյալ բավականին ստատիկ տեսակետի վրա»:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
«Կարելի է շատ ավելի շատ պատժամիջոցներ կիրառել, որոնք կարող են կտրուկ եւ անկանխատեսելիորեն մեծացնել դրանց ազդեցությունը։ Պատերազմի անկանխատեսելիության եւ ապրանքների մատակարարման գլոբալ շղթաների հետ կապված անորոշության հետ մեկտեղ սա պոտենցիալ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում: Ավելի ուշ ես կխոսեմ համաշխարհային էներգիայի մատակարարման անվստահելիության մասին, բայց առայժմ, պարզապես ասեմ, որ այդ մատակարարումը հեշտ է խաթարել»:
«Տագնապալի ահազանգ՝ ժողովրդավարությունների համար
«Ամերիկան պետք է պատրաստ լինի Ուկրաինայում երկարատեւ պատերազմի հնարավորությանը` անկանխատեսելի արդյունքներով: … Մենք պետք է սա ընդունենք որպես տագնապալի ահազանգ: Մենք պետք է կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարություններ վարենք ոչ միայն ներկայիս ճգնաժամը կարգավորելու, այլեւ նոր համախմբված ժողովրդավարական միությունների երկարաժամկետ միասնությունը պահպանելու համար։ Մենք պետք է սա դարձնենք ժողովրդավարական իդեալների մշտական եւ կայուն պաշտպանություն չարիքի բոլոր ձեւերի դեմ»:
Հետեւանքները Ռուսաստանից դուրս
«Ռուսական ագրեսիան ունի եւս մեկ դրամատիկ եւ կարեւոր արդյունք՝ այն միավորում է ժողովրդավարական արեւմտյան աշխարհը՝ Եվրոպայի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) երկրների միջոցով մինչեւ Ավստրալիա, Ճապոնիա եւ Կորեա։ Այս երկու խնդիրների արդյունքը դուրս կգա Ռուսաստանի սահմաններից եւ, հավանաբար, տասնամյակներ շարունակ կազդի աշխարհաքաղաքականության վրա, ինչը կարող է հանգեցնել ինչպես դաշինքների վերադասավորման, այնպես էլ համաշխարհային առեւտրի վերակառուցման: Ինչպես կվարվի Արեւմուտքը եւ կարող է արդյոք Արեւմուտքը պահպանել իր միասնությունը, ամենայն հավանականությամբ, կորոշի ապագա աշխարհակարգը, եւ այն կձեւավորի Ամերիկայի (եւ նրա դաշնակիցների) կարեւոր հարաբերությունները Չինաստանի հետ»:
Մատակարարումների շղթաների վերակազմակերպման անհրաժեշտության մասին
«Ակնհայտ է նաեւ, որ առեւտրի եւ մատակարարումների շղթաները, եթե դրանք ազդում են ազգային անվտանգության խնդիրների վրա, պետք է վերակառուցվեն: Դուք պարզապես չեք կարող հիմնվել տարբեր ռազմավարական շահեր ունեցող երկրների վրա՝ կարեւոր ապրանքների եւ ծառայությունների հարցում: Պարտադիր չէ, որ նման վերակազմավորումը լինի աղետ կամ անջատում: Մտածված վերլուծության եւ կատարման դեպքում, այն պետք է ռացիոնալ եւ կանոնավոր լինի: Դա բոլորի շահերից է բխում»:
Կոնկրետ...
«Ցանկացած ապրանքի կամ նյութի համար, որոնք էական նշանակություն ունեն ազգային անվտանգության համար (օրինակ՝ հազվագյուտ հողային տարրեր, 5G եւ կիսահաղորդիչներ), ԱՄՆ-ում մատակարարման շղթան պետք է լինի ներքին, կամ բաց լինի միայն լիովին բարեկամ դաշնակիցների համար։ Մենք չենք կարող եւ երբեք չպետք է ապավինենք գործընթացներին, որոնք կարող են եւ կօգտագործվեն մեր դեմ, հատկապես, երբ մենք ամենախոցելի վիճակում ենք: Ազգային անվտանգության համանման նկատառումներից ելնելով, պետք է սահմանափակել գործունեությունը (ներառյալ ներդրումային գործունեությունը), որը օգնում է վտանգ ստեղծել ազգային անվտանգության համար, այսինքն՝ կարեւորագույն տեխնոլոգիաների փոխանակումը հնարավոր հակառակորդների հետ»:
Բրազիլիան, Կանադան եւ Մեքսիկան շահում են
«Այս վերակազմավորումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ժամանակի ընթացքում եւ չպետք է չափազանց ավերիչ լինի: Կլինեն հաղթողներ եւ պարտվողներ՝ հիմնական շահառուներից կլինեն Բրազիլիան, Կանադան, Մեքսիկան եւ Հարավարեւելյան Ասիայի բարեկամ երկրները: Մեր մատակարարման շղթաները վերակազմավորելու հետ մեկտեղ մենք պետք է մեր դաշնակիցների հետ ստեղծենք նոր առեւտրային համակարգեր: Ինչպես նշվեց վերեւում, ես կնախընտրեի կրկին միանալ Խաղաղօվկիանոսյան գործընկերության, սա դաշնակից երկրների հետ հնարավոր լավագույն աշխարհառազմավարական եւ առեւտրային պայմանավորվածությունն է»:




























