ԵԱՀԿ գործունեության կատարելագործման վերաբերյալ առանցքային մի շարք հարցերի շուրջ Վաշինգթոնի եւ Մոսկվայի միջեւ «զգալի տարաձայնություններ կան»։ Այս մասին հուլիսի 28-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը։
«Մենք զգալի տարաձայնություններ ունենք, սակայն անկարող ենք առաջ շարժվել առանց Ռուսաստանի»,- ասել է Գորդոնը՝ ավելացնելով, որ Օբամայի վարչակազմը «հավատարիմ է Մոսկվայի հետ աշխատանքին»։
Միաժամանակ Պենտագոնի ղեկավարի՝ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն ասել է, որ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղու մեջ են Ռուսստանի պատճառով։
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը Վարշավյան պայմանագրի երկրների կողմից ստորագրվել է 1990 թվականին։
Պայմանագրի անդամներ են եվրոպական 28 երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Վրաստանը, Դանիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Ղազախստանը, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Հոլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Ռումինիան, Սլովակիան, Թուրքիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Չեխիան, ինչպես նաեւ ԱՄՆ եւ Կանադան։




























