Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը, ում կարողությունը գնահատվում է 219 միլիարդ դոլար։ Այս մասին է վկայում Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը։

Գործարարն առաջին անգամ դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ անցած տարի վարկանիշում զբաղեցնելով երկրորդ տեղը՝ 151 միլիարդ դոլար կարողությամբ: Վերջին 12 ամիսների ընթացքում Մասկը հարստացել է 68 միլիարդ դոլարով: Դա նրան թույլ է տվել շրջանցել իր ամենամոտ մրցակցին՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, ում կարողությունը գնահատվում է 171 միլիարդ դոլար, ինչը 6 միլիարդ դոլարով պակաս է, քան մեկ տարի առաջ։

Մասկի հիմնական ակտիվները էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ում ակտիվներն են կամ ընկերության բաժնետոմսերի 17 տոկոսը եւ SpaceX տիեզերական ընկերության բաժնետոմսերի գրեթե 44 տոկոսը։

Մասկը սկսեց իր առաջին բիզնեսը 1995թ․, երբ նա եւ իր եղբայրը հիմնեցին Zip2 ընկերությունը, որը զբաղվում էր ծրագրային ապահովմամբ, որը թույլ էր տալիս լրատվամիջոցներին բովանդակություն տեղադրել ինտերնետում եւ լրացուցիչ վճարովի ծառայություններ առաջարկել իրենց հաճախորդներին: 1999թ․ այդ ստարտափը գնվել է Compaq-ի կողմից 304 միլիոն դոլարով։ Մասկը, որը Zip2-ում ուներ 7 տոկոս բաժնետոմս, ստացել է 22 մլն դոլար։

Նույն թվականին գործարարը հիմնել է X.com-ը, որը հետագայում հայտնի է դարձել PayPal անունով։ 2002թ․ PayPal-ը գնել է eBay-ը 1,5 միլիարդ դոլարով, վաճառքի պահին Մասկին պատկանում էր ընկերության բաժնետոմսերի 11,7 տոկոսը, ինչը նրան թույլ տվեց հավաքել 165 մլն դոլար, գրում է Forbes-ը։

Նույն թվականին Մասկը հիմնեց SpaceX-ը, իսկ մեկ տարի անց ստեղծվեց Tesla Motors-ը։ 2008թ․ ՆԱՍԱ-ն 1,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր կնքեց SpaceX-ի հետ, եւ Tesla-ն նույն թվականին վաճառքի հանեց իր առաջին ավտոմեքենան՝ Tesla Roadster-ը:

Առաջին անգամ Իլոն Մասկը Forbes-ի ցուցակում հայտնվել է 2012թ.։ Այնուհետեւ նա 2,4 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է  190-րդ տեղը: 2019թ․ Tesla-ն դարձել է աշխարհում էլեկտրական մեքենաների ամենամեծ արտադրողը, 2021թ․ թվականի հոկտեմբերին դրա կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը: