Շրի Լանկայում երեքշաբթի օրը տասնյակ օրենսդիրներ դուրս են եկել իշխող կոալիցիայից՝ նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի կառավարությանը փոքրամասնության մեջ թողնելով, քանի որ նա փորձում է ճնշել վերջին տասնամյակների վատթարագույն տնտեսական ճգնաժամի պայմաններում բողոքի ցույցերը, հայտնում է Reuters-ը։
Ռաջապաքսայի վարչակազմի եւս մեկ անհաջողությունը ֆինանսների նախարար Ալի Սաբրիի հրաժարականն էր նրա նշանակումից մեկ օր անց եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վարկային ծրագրի շուրջ վճռորոշ բանակցությունների նախօրեին:
Երկուշաբթի օրը Ռաջապակսան արձակել է նախարարների իր կաբինետը եւ փորձել է միասնական կառավարություն ձեւավորել, քանի որ հասարակական բողոքները սաստկացել են կառավարության կողմից պարտքերով ծանրաբեռնված տնտեսության հետ կապված խնդիրների պատճառով, ինչը հանգեցրել է սննդի եւ վառելիքի պակասի ու էլեկտրաէներգիայի երկարատեւ անջատումների:
Առողջապահական համակարգը նույնպես կառավարությանը տեղեկացրել է դեղերի խիստ պակասի մասին, որը կարող է ճգնաժամի հանգեցնել:
Քաղաքական առումով հնարավոր հաջորդ քայլերը կարող են ներառել նոր վարչապետի նշանակումը, որը կփոխարինի նախագահի ավագ եղբորը՝ Մահինդա Ռաջապաքսային, կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2025թ․ նախատեսված քվեարկությունից շատ շուտ։
Որեւէ շտապ ցուցում, թե կոնկրետ ինչ է նախատեսվում անել, չի եղել:
Ներկրման համար արտարժույթի բացակայության պատճառով սննդամթերքի եւ վառելիքի պակասի դեմ փողոցային ցույցերը սկսվել են անցյալ ամիս, սակայն վերջին օրերին դրանք ակտիվացել են, ինչը որոշ դեպքերում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների է հանգեցրել:
Մի քանի տասնյակ ցուցարարներ երեքշաբթի օրը խաղաղ հավաքվել են վարչապետի նստավայրի մոտ։
Կոալիցիայից դուրս եկած 41 պատգամավորների անունները խորհրդարանում հրապարակել են կուսակցությունների առաջնորդները։
Նրանք այժմ անկախ անդամներ են, ինչի արդյունքում Ռաջապաքսայի կառավարությանը 225 տեղանոց պալատում մեծամասնությունը պահպանելու համար անհրաժեշտ 113-ից ավելի քիչ անդամ ունի:
Ձայները դեռ չեն հաշվարկվել, թեեւ Ռաջապաքսայի փոքրամասնության կառավարության համար որոշումներ կայացնելը դժվար կլինի։ Անկախ խորհրդարանականները, սակայն, կարող են շարունակել աջակցել պալատում կառավարության առաջարկներին:





























