Հարավաֆրիկյան Anglo American Platinum (Amplats) ընկերությունը հարցումներ է ստացել արտադրողներից եւ ավտոարտադրողներից, որոնք պալադիումի կարիք ունեն՝ կապված դրա հիմնական արտադրող Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների հետ, չորեքշաբթի ասել է ընկերության գործադիր տնօրեն Նատաշա Վիլջոենը, հաղորդում է Reuters-ը։
Պալադիումի սպառողները, որոնք ընկերության հետ գործող պայմանագրեր չունեն, դիմել են Amplats-ին՝ «պալադիումի հնարավոր այլընտրանքային աղբյուրների» հարցով»,- Յոհանեսբուրգում պլատինային խմբի մետաղների արդյունահանման PGMs Industry Day համաժողովի շրջանակներում գործակալությանը տված հարցազրույցում ասել է Վիլջոենը:
Ռուսաստանը արտադրում է պալադիումի համաշխարհային պաշարների 25-30 տոկոսը՝ մետաղ, որն օգտագործվում է ավտոարտադրողների կողմից՝ շարժիչների արտանետումները նվազեցնելու համար:
«Եթե մենք կարողանանք ընդունել նրանց (նոր հաճախորդներին) այն բանից հետո, երբ հոգ կտանենք մեր երկարաժամկետ հաճախորդների մասին, մենք, անշուշտ, կփորձենք հնարավոր ամեն ինչ անել»,- ասել է Վիլջոենը, ավելացնելով, սակայն, որ իրենք չեն կարող «որեւէ ամուր պարտավորություն ստանձնել»:
Վիլջոենի խոսքով՝ առնվազն հինգ տարի կպահանջվի, որպեսզի Հարավային Աֆրիկայում պալադիումի արտադրության աճը փոխարինի այդ մետաղի ռուսական արտադրությանը եւ այն կարող է երբեք չհասնել այդ մակարդակին:
Ռուսական մետաղը կարող է շուկա մուտք գործել այլ ուղիներով, ինչպիսին է Չինաստանը, ուստի մատակարարման շղթան ավելի շուտ կփոխվի, քան ռուսական մատակարարումները ամբողջովին կդադարեն։
Փոխարենը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են բարձրացնել հարավաֆրիկյան պալադիումի գինը, մինչդեռ Չինաստանին վաճառվող պալադիումը կարող է զեղչվել, ասել է Վիլջոենը:




























