ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի COVID-19-ի թեստը դրական է եղել մեկ օր անց այն բանից, երբ նա առանց դիմակի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հայտնվել է Սպիտակ տան միջոցառմանը, հայտնում է AP-ն:

Ներկայացուցիչների պալատի 82-ամյա խոսնակը ներկայումս չունի կորոնավիրուսի ախտանիշներ, հինգշաբթի Twitter-ում հայտնել է նրա մամուլի քարտուղար Դրյու Հեմիլը: Նա ասել է, որ այս շաբաթվա սկզբին Փելոսիի թեստը բացասական է եղել:

«Խոսնակը ամբողջովին պատվաստված է, եւ նա շնորհակալ է հուսալի պաշտպանության համար, որ ապահովել է պատվաստանյութը»,- ասել է Հեմիլը:

Փելոսին «կարանտինում կլինի՝ համաձայն ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների խորհրդատվության, եւ բոլորին կոչ է անում պատվաստվել ու պարբերաբար թեստ հանձնել»,- ասել է նա:

Կորոնավիրուսով Փելոսիի վարակվելու մասին լուրը հրապարակվել է Կապիտոլիումի բլրի վրա մամուլի առջեւ նրա ամենշաբաթյա ելույթից առաջ: Ներկայացուցիչների պալատում երկշաբաթյա գարնանային արձակուրդ է սկսվում: