Երեւանի Պռոշյան 19 հասցեում գտնվող «Քարանձավ» ռեստորանային համալիրի տարածքը պատկանում է ամերիկահայ Գեւորգ Դնգիկյանին, որը դատարանի մի քանի որոշումներով է հիմնավորվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դնգիկյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, «Քարանձավ» ռեստորանային համալիրի տարածքում ԴԱՀԿ աշխատակիցները մեծ թվով ոստիկանների հսկողությամբ չափագրումներ էին իրականացնում։ Գործընթացը լարված մթնոլորտում էր անցնում, քանի որ ռեստորանի տնօրենի որդին պատռել էր դատարանի որոշման փաստաթուղթը, որից հետո նրան բերման էին ենթարկել։ Նրանք մեզ հետ զրույցում պնդում էին, որ տարածքը գնել են, ունեն սեփականության վկայական, սակայն դատարանն այն անվավեր է ճանաչել։
«Այդտեղ մինչեւ հիմա գտնվող անձանց բոլոր իրավունքներն անվավեր են ճանաչվել։ Տարածքը ճանաչվել է Գեւորգ Դնգիկյանի սեփականության իրավունքը, նրանք ենթակա են վտարման։ 19 տարի է՝ ԴԱՀԿ-ն վճռի պահանջները չի կատարում։ Ես այնքան հեքիաթներ եմ արդեն լսել, իբրեւ Գեւորգ Դնգիկյանը 10 տարի առաջ մահացել է, ես եմ զբաղվում դրանով, իմ վրա էին հաղորդում ներկայացրել մի քանի անգամ էլ։ Բայց նա ողջ է, հայրենասեր մարդ է, Արցախյան առաջին պատերազմին մեծ օգնություն ուղարկած անձ է։ Դա իր պապական տունն է, 88 թվականին Գեւորգը գնացել է ԱՄՆ, այնտեղ ապրել է քույրը, որոշ ժամանակ անց քույրը մահացել է, այդ մարդիկ եկել են, տունը զավթել ու ռեստորան սարքել»,- նշեց Աթանեսյանը։
Նշենք, որ Դնգիկյանը դիմել էր ՄԻԵԴ, գանգատը վերաբերում էր սեփականության (Պռոշյան 19 հասցեում գտնվող տարածքի սեփականություն) իրավունքի վեճին։ 2017-ին «Գեւորգ Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել եւ ՀՀ կառավարությանը պարտավորեցրել տուժածին փոխհատուցել 3 հազար 6 հարյուր եվրո։



























