Բանգլադեշում դատարանը չորս ծայրահեղականի դատապարտել է կախաղանի՝ հայտնի գրողի վրա մաչետեով հարձակվելու համար՝ մի գործ, որով վճիռ կայացնելու համար մոտ երկու տասնամյակ է պահանջվել:

2004թ․ այդ մարդիկ գրքի տոնավաճառի մոտ դաժան ծեծի էին ենթարկել հայտնի գրող եւ օտար լեզուների պրոֆեսոր Հումայուն Ազադին: Հարձակումից հետո արյունլվիկ Ազադի լուսանկարները ցնցել էին երկիրը: 56-ամյա տղամարդը մահացել էր մի քանի ամիս անց՝ Գերմանիայում բուժվելիս։

Հարձակվողներից երկուսը դեռ ազատության մեջ են, իսկ հինգերորդին 2014-ին փախուստի փորձի ժամանակ ոստիկաններն էին գնդակահարել:

«Նրանցից չորսը մահապատժի են դատապարտվել սպանության համար, այդ թվում՝ երկուսը՝ հեռակա կարգով»,- AFP-ին ասել է մայրաքաղաք Դաքքայի գլխավոր դատախազ Աբդուլլահ Աբուն։

Հանցագործները անդամակցում են «Բանգլադեշի մոջահեդներ» արգելված իսլամիստական կազմակերպությանը, որի առաջնորդը հրամայել է սպանել Ազադին այն բանից հետո, երբ հեղինակն իր գրքում ծաղրել եւ քննադատել էր արմատականներին: