Արեւմտյան Ավստրալիայի բնակչին մեղադրել են երեխաների նկատմամբ ավելի քան 400 սեռական հանցագործության մեջ, ինչը ոստիկանությունը նահանգի պատմության մեջ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի ամենանշանակալի հետաքննություններից մեկն է համարել, տեղեկացնում է CNN-ը:

Պերթից 47-ամյա տղամարդուն մինչեւ 13 տարեկան երեխաների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի 240 եւ մինչեւ 13 տարեկան երեխաների նկատմամբ սեռական ներթափանցման 44 մեղադրանք է առաջադրվել: Նրան 26 կետով մեղադրանք է առաջադրվել նաեւ երեխաների շահագործման համար նյութեր պահելու եւ 5 կետով՝ նյութեր պատրաստելու համար:

Մեղադրանքները անցած հուլիսին սկսված եւ ամիսներ տեւած հետաքննությունների արդյունքն են։

Տղամարդու տնից եւ աշխատավայրից առգրավվել է մոտ 3,8 մլն նկար եւ տեսանյութեր, որոնք երեխաների շահագործման հետ կապված նյութեր են:

Ոստիկանությունը հայտնել է, որ քննիչները բացահայտել են սեռական բռնության ենթարկված 24 տղաների եւ աղջիկների անձը: Ենթադրվում է, որ չարաշահումը տեղի է ունեցել 2015-2021թթ․: «Այս հետաքննությունը ամենանշանակալիներից մեկն է, որը երբեւէ իրականացվել է Արեւմտյան Ավստրալիայում՝ այն առումով, թե քանի նկար է հայտնաբերվել եւ քանի զոհ է, մեր կարծիքով, բռնության ենթարկվել»,- ասել է տեսուչ Համիշ Մաքքենզին:

Երեխաները 3-13 տարեկան են եղել։