2021թ․ արդյունքներով նույնիսկ հարկային դրույքաչափերի նվազման պարագայում Հայաստանի բյուջե է ստացվել 10 տոկոս ավելի եկամուտ, քան 2020թ․։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով կառավարության 2021թ․ ծրագրի կատարողականի մասին հաշվետվությունը։
Նրա խոսքով՝ բյուջեի եկամտային մասը 147 միլիարդ դրամով գերազանցել է՝ կազմելով մոտ 1 տրիլիոն 587 մլրդ դրամ։ Սա մեծապես պայմանավորված է ավելի բարձր տնտեսական աճով։ Այն կազմել է 5,7 տոկոս՝ սպասվող 3,2 տոկոսի փոխարեն։
«Դա տեղի է ունեցել, ի թիվս այլնի, արտահանման վերականգնման շնորհիվ, որը հասավ ՀՆԱ-ի 35 տոկոսին՝ 2020թ․ 29,8 տոկոսի դիմաց։ Բյուջեի եկամուտների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 22,7 տոկոս: Հայաստանի համար պատմական առումով սա ամենաբարձր ցուցանիշն էր։ Սրա կարեւորությունն այն է, որ այս ցուցանիշն արտացոլում է հարկերի աճը՝ տնտեսության ընդհանուր ծավալի համեմատ։ 2020թ․ համեմատ այս ցուցանիշն աճել է 0,3 տոկոսով»,-պարզաբանեց Խաչատրյանը։
Հատկանշական է, որ նախարարը համեմատություններ է անում 2020-ի, այլ ոչ թե մինչքովիդային 2019-ի հետ։





























