«Հնարավոր է՝ Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո համաշխարհային պատմության ամենավտանգավոր պահն ենք ապրում, երբ հանկարծ հնարավոր է դառնում միջուկային պատերազմը»: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում ասել է իսրայելցի հայտնի պատմաբան եւ գրող Յուվալ Նոյ Հարարին։
1962թ․ Կուբայի հրթիռային ճգնաժամը վերաբերում է ԱՄՆ-ի եւ նախկին ԽՍՀՄ-ի միջեւ ուղղակի հակամարտության ժամանակաշրջանին, որը հաճախ համարվում է միջուկային պատերազմին ամենամոտը:
Ընդունելով, որ միջուկային պատերազմի վտանգը ներկայումս «քիչ հավանական է», Հարարին ասել է, որ բոլորը՝ կառավարությունները եւ անհատները, պետք է «շատ անհանգստանան»: «Սա հնարավորություն է, իրական հնարավորություն, որը մենք պետք է դիտարկենք: Եվ սա սարսափելի նորություն է ողջ մարդկության համար»,- ասել է նա։
Այնուամենայնիվ, Հարարին նախազգուշացրել է, որ արեւմտյան դաշնակիցները չպետք է փորձեն կանխել նման գործողությունները՝ ձգտելով փոխել Ռուսաստանի ռեժիմը։ Ավելի շուտ, նրանք պետք է կենտրոնանան Ուկրաինայի հետագա հզորացման վրա՝ «ցամաքում ռուսական ուժերին հաղթելու եւ խաղաղությունը վերականգնելու համար»: «Բոլորը, ովքեր դեպի Մոսկվա երթով գնալու մասին երեւակայություն ունեն, հնարավորինս շուտ մոռացեք դա»,- ասել է նա՝ նշելով, որ նման գործողությունները ավելի են գրգռում Կրեմլին։
Պատերազմի վերջնական արդյունքը կարող է վճռական շրջադարձային պահ լինել այն հարցում, թե ինչպես կառավարությունները կհաղթահարեն ապագա սպառնալիքները։ Ռուսաստանի հաղթանակի դեպքում ավելի շատ երկրներ հակված կլինեն մեծացնել իրենց ռազմական ծախսերը։
«Մենք արդեն տեսել ենք կառավարությունների կողմից վերջին քայլերը կամ պարտավորությունները պաշտպանական ծախսերն ավելացնելու ուղղությամբ: Հակամարտության սկսվելուց ընդամենը օրեր անց Գերմանիան հայտարարեց, որ զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի ավելի քան 2 տոկոսի... Եթե ամբողջ աշխարհում պաշտպանական բյուջեները 6 տոկոսի փոխարեն 20 տոկոս լինեն, դա կլինի մեր առողջապահության, մեր բարեկեցության հաշվին, ինչպես նաեւ այլ վտանգների, օրինակ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի հաշվին»,- ասել է նա: «Դա սարսափելի աղետ կլիներ ողջ մարդկության համար»։
«Խոսքը վերաբերում է խաղաղության պաշտպանությանը, եւ այն խաղաղության, որին մենք սովոր ենք»,- ասել է նա: «Մենք այնքան ենք սովորել դրան, որ դա սովորական ենք համարում: Բայց եթե մենք զգույշ չլինենք, նորից կսայթաքենք պատերազմի եւ բռնության ջունգլիներում, որտեղ երկրները ստիպված են շատ ավելի շատ ծախսել տանկերի եւ հրթիռների վրա եւ շատ ավելի քիչ ծախսել ուսուցիչների, բուժքույրերի եւ սոցիալական ապահովման համակարգերի վրա»:





























