ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալներին լրջորեն բարկացրել են այն ժամանակվա առաջին շան՝ Մայորի կծոցները նսեմացնելու Սպիտակ տան փորձերը: Նրանք նույնիսկ փորձել են ստիպել, որ նախագահ Ջո Բայդենն անձամբ վճարի վնասված վերարկուի համար, գրում է NYpost-ը։
Գաղտնի ծառայության ղեկավարները փորձել են նաեւ թույլ չտալ, որ ութ օր շարունակ շան հարձակումների մանրամասները ներառվեն պաշտոնական փաստաթղթերում։
Judicial Watch-ի կողմից հրապարակված ձայնագրությունները ցույց են տալիս գաղտնի ծառայությունում ներքին տարաձայնությունները:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին 2021թ․ մարտի 9-ին կայացած ճեպազրույցում խոստովանել է կծելու միայն մեկ դեպքի մասին՝ ասելով, որ նախօրեին առաջին ընտանիքի շներից մեկը՝ Մայորը, արձագանքել է անծանոթին եւ թեթեւ մարմնական վնասվածք պատճառել նրան։
Մեկ այլ հաղորդագրություն, որը գրվել է գաղտնի ծառայության անհայտ պաշտոնյայի կողմից, վկայակոչում է կծած տեղի լուսանկարը եւ ասում, որ «վնասվածքը չի կարող նկարագրվել այլ կերպ, քան «ծանր» տերմինով»:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 8-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում, երբ գործակալը ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ Սպիտակ տան բնակելի հատվածում՝ երկրորդ հարկում է եղել։





























