Ծանր վիրավորանքի հոդվածով քրեական գործերը հարուցվում են ոչ թե տուժող կողմի բողոքի հիման վրա, այլ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի կամ ոստիկանության ինչ-որ ստորաբաժանման ղեկավար գրության հիման վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Քրեական գործ է հարուցվում, եւ որեւէ մեկն այդ մարդկանց չի հարցնում՝ դուք վիրավորել եք գրառումից, թե՝ ոչ։ Մինչդեռ վիրավորանքի հարցում ամեն ինչ շատ սուբյեկտիվ է, չկան հստակ չափորոշիչներ, ամեն ինչ կախված է մարդու ընկալումից։ Իսկ այս դեպքում Ոստիկանությունն է որոշում՝ անձը վիրավորված է, թե՝ ոչ։ Մեկ այլ աբսուրդ է, որ Հայաստանի օրենսգիրքը տարածում են արտերկրում արված գրառումների վրա»,- նշեց Մելիքյանը։

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ գործն այլ կերպ է ընթանում, եթե գրառումն իշխանական ներկայացուցչի չի վերաբերում։

«Եթե քրեական գործ է հարուցվում է, ի տարբերություն ՔՊ-ականների, մարդուն կանչում են հարցաքննության, տուժող են ճանաչում, հետո ասում են՝ չգտանք, թե ով էր, եւ քրեական վարույթը կասեցվում է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ծանր վիրավորանքի հոդվածը հատուկ ստեղծվել է միայն իշխանության ներկայացուցիչների համար։

«Հարուցված քրեական գործերն առաջնահերթ վերաբերում են Նիկոլ Փաշինյանին, այնուհետեւ վարույթն իրականացնող մարմնի ձեւակերպմամբ՝ ականավոր ռազմական գործիչ Գագիկ Մելքոնյանին ու Ալեն Սիմոնյանին, հետո ՔՊ-ական այլ պատգամավորների»,- ընդգծեց Ռուբեն Մելիքյանը։