Երկուշաբթի Ճապոնիայի կենտրոնական հատվածից թեյի տերեւների մեկ կիլոգրամ փաթեթը վաճառվել է 1.96 մլն իենով (մոտ 15.5 հազար դոլար), ինչը բացարձակ ռեկորդ է նման աճուրդների համար։ Դրանք անցկացվում են ամեն տարի ապրիլին Շիզուոկա քաղաքում՝ այն տարածքում, որտեղ գտնվում են երկրի լավագույն թեյի պլանտացիաները, հայտնում է Kyodo գործակալությունը։

Գիտակները համտեսելուց հետո նշել են, որ ռեկորդային գնով գնված կանաչ թեյը յուրահատուկ ինտենսիվ համ, բույր եւ առանձնահատուկ խորը գույն ունի։ Երկուշաբթի Շիզուոկայում աճուրդների ժամանակ նոր բերքի թեյը վաճառվում էր միջինում 5000 իենով (մոտ 40 դոլար) 1 կգ-ի դիմաց:

Ճապոնիան հայտնի է գյուղատնտեսական ապրանքների աճուրդներով, որոնք հաճախ գնային ռեկորդներ են սահմանում։ Այդպես, անցյալ տարվա հուլիսին Կանազավա քաղաքում տեղի ունեցած աճուրդի ժամանակ հազվագյուտ Pima Ruby տեսակի խաղողի ողկույզը վաճառվել էր գրեթե 13000 դոլարով։