Գերմանական BMW ավտոհսկան ներքին այրման շարժիչով (ICE) մեքենաների արտադրությունից հրաժարվելիս եւ էլեկտրական մեքենաների արտադրությանն անցնելիս մտադիր չէ կրճատել աշխատատեղերը։ Այս մասին կիրակի հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Օլիվեր Ցիփսին։

«Մենք չենք կորցնի աշխատատեղերը [արտադրության] վերափոխման պայմաններում»,- Ցիփսի խոսքերն է մեջբերում հրատարակությունը: «Ի վերջո, միգուցե արդեն այս տասնամյակում Մյունխենի մեր գործարանում կարտադրվեն ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներ, եւ ոչ ոք չի կորցնի աշխատանքը»,- հավելել է նա: Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ եվրոպական ավտոարդյունաբերությունը, ինչպես նաեւ առաջատար տնտեսագետները նախազգուշացրել են, որ ներքին այրման շարժիչներով մեքենաներից հրաժարվելը զանգվածային գործազրկության կհանգեցնի:

Միաժամանակ Ցիփսն ընդգծել է, որ BMW-ն ամբողջ աշխարհում իր աշխատակիցների համար թրեյնինգ է կազմակերպում, թե ինչպես աշխատել մարտկոցով մոդելների հետ։ «Մենք ցանկանում ենք պահպանել մեր անձնակազմը, քանի որ մենք ապավինում ենք նրանց կոմպետենտությանը»,- ասել է BMW-ի ղեկավարը: