Կարծում եմ՝ քաղաքական սպեկտրը համաձայն է, որ մենք չունենք այն գործիքները երկկողմանի պատժամիջոցների առումով, որպեսզի իսկապես ազդեցություն ունենանք Ռուսաստանի որոշումների վրա։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ պատասխանելով Ուկրաինա իր այցի եւ Ռուսաստանի դեմ Վրաստանի պատժամիջոցների մասին հարցին, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
«Ի դեպ, Ուկրաինայի խորհրդարանի նախագահը նշել է, որ Վրաստանը որպես միջազգային համակարգի մաս ավտոմատ կերպով միանում է միջազգային ֆինանսական կանոնակարգերին, եւ այդ կապակցությամբ բողոքներ չկան։ Ինչ վերաբերում է երկկողմ պատժամիջոցներին, ապա լավ է, որ ընդդիմության ներկայացուցիչները նույնպես արտահայտեցին հենց այն ձեւակերպումը, որն ասել էր նախագահը, որ Վրաստանը կարող է քննարկել երկկողմ պատժամիջոցների հնարավորությունը, որտեղ հնարավոր է։ Կարծում եմ, որ քաղաքական սպեկտրը համաձայն է, որ մենք չունենք գործիքներ երկկողմանի պատժամիջոցների առումով, որոնք իսկապես կարող են որեւէ ազդեցություն ունենալ ռուսական որոշումների վրա։ Ուկրաինայի եւ մեզ համար այս հարցում գլխավորն այն է, որ Վրաստանը չի լինի այն երկիրը, որտեղ Ռուսաստանը հնարավորություն կունենա շրջանցել պատժամիջոցները, եւ սա է կարեւորը»,-ասել է Շալվա Պապուաշվիլին։





























