Գերմանիայի գործատուներն ու արհմիությունները դեմ են արտահայտվել Ռուսաստանից բնական գազի ներմուծման Եվրամիության անհապաղ արգելքին՝ հայտարարելով, որ այդ քայլը կհանգեցնի գործարանների փակման եւ աշխատատեղերի կորստի, հաղորդում է AP-ն:

Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ եվրոպացի առաջնորդները քննարկում են ռուսական նավթի դեմ հնարավոր նոր էներգետիկ պատժամիջոցները՝ օգոստոսից ռուսական ածխի ներմուծումն արգելելու մասին ապրիլի 7-ի որոշումից հետո:

Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը Funke մեդիախմբին տված հարցազրույցում ասել է, որ «գազի անհապաղ էմբարգոն սպառնալիքի տակ կդնի Գերմանիայում սոցիալական խաղաղությունը»:

Ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ բնական գազը կարճաժամկետ հեռանկարում դժվար կամ անհնար կլինի փոխարինել:

Վերլուծաբաններն ասում են, որ ռուսական հում նավթն ավելի հեշտ կլինի փոխարինել, քան գազը, սակայն բոյկոտը դեռ կբարձրացնի էներգակիրների գները՝ հարվածելով սպառողներին, որոնք արդեն իսկ բախվում են ԵՄ-ում ռեկորդային 7,5 տոկոս ինֆլյացիային: