Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը երկիրը տանում են դեպի պատերազմ՝ նախօրոք հայտնի արդյունքով՝ պարտությամբ։ Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը, որը երկրորդ օրն է Ազատության հրապարակում բողոքի ակցիա է անցկացնում։
Վանեցյանը վստահեցրեց, որ թշնամուց խաղաղություն չեն աղերսելու, բայց դրանից խուսափելու շատ ուղիներ կան, եւ մենք դրանց մասին գիտենք, ունենք փորձ, գիտելիքներ, հնարավորություններ՝ պատերազմ թույլ չտալու համար։ Ամենաքիչը մենք ենք պատերազմ ուզում, ընդգծեց Վանեցյանը։ «Իշխանությունները վախենում են։ Նրանք գիտեն, որ այլեւս չեն կարող մնալ, կորցրել են իշխանությունը, իսկ նրանց գնալը ժամանակի հարց է»։
Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են իրենք պատրաստ արմատական քայլերի, Վանեցյանը նշեց. «Հայրենիքի ու ժողովրդի փրկության համա՞ր։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը շատ պարզ է։ Անել ամեն ինչ, որպեսզի փրկենք մեր երկիրը։ Մենք ոչ մի բանի առաջ կանգ չենք առնելու»:
Ինչ վերաբերում է նրան, թե կդիմանա՞ արդյոք Հայաստանը չորս տարվա ընթացքում երկրորդ հեղափոխությանը, Վանեցյանը հիշեցրեց, որ ներկայիս ընդդիմության մեջ պետական մտածողությամբ մարդիկ են, սրանք փողոցից եկած մարդիկ չեն, որոնք չեն հասկանում, թե ինչ է պետությունն ու իշխանությունը։ Չնշելով, թե ինչպիսին են լինելու գործողությունները, Վանեցյանը միայն ասաց, որ սա շարժում է հանուն այն բանի, որ Հայաստանն ու Արցախը ապրեն արժանապատիվ եւ կարողանան դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին, հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ երկու կողմից շրջապատված ենք թշնամիներով. ովքեր չեն թաքցնում եւ պատերազմի հռետորաբանություն են քարոզում։
Նա ընդգծեց, որ իշխանությունները պետք է հեռանան ժողովրդի ճնշման տակ, բայց ոչ արտաքին ուժերի։





























