Ստեղծված իրավիճակում ի հայտ են գալիս ընդհանուր մարտահրավերներ, ինչպես նաև հնարավորություններ, որոնք պետք է փորձել օգտագործել, այս մասին ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա իր առաջին պաշտոնական այցն է Ռուսաստանի Դաշնություն և այն անցնում է շատ հաջող: «Երեկ մենք Վլադիմիր Վլադիմիրիի հետ քննարկեցինք մեր միջպետական հարաբերությունների ողջ ծավալը, անցկացրեցինք շատ արդյունավետ բանակցություններ, ձեռք բերեցինք կարևոր պայմանավորվածություններ: Ռուսաստանը համարվում է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը և մեր առևտրաշրջանառությունն ու առևտրատնտեսական կապերը շարունակական աճում են: Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում»,– ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ էներգետիկայի ոլորտում Հայաստանն ու Ռուսաստանն ունեն համագործակցության հարուստ փորձ և ռազմավարական ծրագրեր, որպեսզի զարգացնեն այդ բնագավառը:
«Իհարկե, տրանսպորտի և այլ ոլորտներում մենք ունենք կոնկրետ ծրագրեր և երեկ Վլադիմիր Վլադիմիրիի հետ պայմանավորվեցինք, որ միջկառավարական հանձնաժողովը պետք է դառնա հիմնական հարթակը` տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր նախարարությունները բավականին լավ համագործակցում են, միջկառավարական հանձնաժողովը նույնպես ակտիվ գործում է, վերջերս Երևանում տեղի ունեցավ նիստ: Կարծում եմ, որ ընթացիկ իրավիճակում հայտնվում են ընդհանուր մարտահրավերներ, նաև հնարավորություններ, որոնք պետք է գրանցել, փորձել օգտագործել: Ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն` քննարկելու որոշ կոնկրետ թեմաներ և հնարավոր է հաջողվի հանգել կոնկրետ լուծումների»,– ասել է նա:
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ՀԱՊԿ 30-ամյակը, Հայաստանի ու ՌԴ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը: «Այս հոբելյանական տարում ունենք միջոցառումների հարուստ ծրագիր, ինչն առաջին հերթին լավ հնարավորություն է նշելու հոբելյանները, ինչպես նաև վերլուծելու անցած ճանապարհը, հասկանալու, արդյոք հասցրել ենք հասնել այն նպատակներին, որոնք նախանշված են եղել, ինչպես նաև տեսնելու, թե որտեղ չենք հասցրել, մեր համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ»,- նշել է վարչապետը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գերատեսչությունների միջոցով սերտորեն աշխատել` դրանք կյանքի կոչելու և հայ-ռուսական տնտեսական կապերը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:





























