Այս իշխանությունների օրոք մենք էապես հեռացանք Սփյուռքից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթներ» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Սփյուռքը այս իշխանությունների օորք մղվեց մի կողմ եւ դիտարկվեց որպես միջազգային հանրությունում կամ այն պետությունում, որտեղ գտնվում են, Ցեղասպանության հարցը բարձրացնող: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Սփյուռքը որպես հայ ժողովրդի մի մասնիկ, դրվեց մի կողմ: Մինչդեռ մենք պետք է ունենանք միասնական օրակարգ, որտեղ հիմքը հլինի Հայաստանը, բայց որին մասնակից կլինի ողջ հայությունը»,-ասաց նա:

Էլինար Վարդանյանի խոսքով, միակ տեղը, որտեղ իշխանությունն ազնիվ է, այն է, որ նրանք ասում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրենք նախապայմաններ չեն տեսնում. «Որովհետեւ Թուրքիայի համար նախապայման էր Արցախը: Այս իշխանությունները բերեցին այն իրավիճակին, որ Արցախի 75 տոկոսն օկուպացվեց Ադրբեջանի կողմից: Այսինքն սա այլեւս  այս իշխանությանհամար նախապայման չէ: Թուրքիայի համար նախապայման էր Ցեղասպանության հարցը, այս իշխանությունները բերել են նրանո, որ Ցեղասպանության հարցը թողել են միայն Սփյուռքի վրա: Այսինքն այս իշխանության համար սա եւս որպես նախապայման չի դիտարկվում: Այս քննարկումը լավ առիթ է ասելու, որ որքան էլ իշխանությունները համոզեն, որ նախապայմաններ չկան, իրականում Թուրքիան շարունակում է հետեւողականորեն առաջ քաշելմ այն նախապայմանները, որոնք տարիներ շարունակ դրվել են Հայաստանի առջեւ»,-ընդգծեց Էլինար Վարդանյանը:

Նա նաև ներկայացրեց Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարությունը, որի նախագծին նվիրված խորհրդարանական լսումները նախատեսված էին ապրիլի 21-ին։

Հիշեցնենք, որ լսումները չկայացան, սակայն, ըստ «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրության՝ «օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն»։

Այդ հայտարարության կետերից է, մասնավորապես, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը, հետագա հարաբերությունները պետք է կառուցվեն նկատի ունենալով մի քանի հիմնարար սկզբունքներ։