Հայաստանի քաղաքացիությունը պետք է տրվի պարզեցված ընթացակարգով եւ ոչ միայն հայկական արմատներ ունեցող անձանց համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ  ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Նա առաջարկեց դիտարկել հայկական արմատների առկայությունը վկայող ապացույցների տրամադրում պահանջող դրույթը չեղյալ համարելու հնարավորությունը։

«Բնականաբար, բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր հայրենակիցները, ցանկության դեպքում, հնարավորություն ունենան պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանան։ Առաջարկում եմ այդ գործառույթները վստահել լիազորված մարմիններին եւ մեր հայրենակիցներից չպահանջել ապացույցներ, որոնք վկայում են նրանց հայկական արմատների մասին։ Դա նույնիսկ մի փոքր վիրավորական է: Բացի այդ, հնարավոր է, որ էթնիկ հայ չհանդիսացող անձը ցանկանա արագացված ընթացակարգով ստանալ Հայաստանի քաղաքացիություն։ Մենք նույնպես շահագրգռված կլինենք նրան Հայաստանի քաղաքացիություն տրամադրել։ Կարծում եմ՝ պետք է վստահել քաղաքացիություն տվող կառույցներին»,-ասաց Խաչատրյանը։  Իշխող խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանը, հանդես եկավ տվյալ նախաձեռնության օգտին։

«Կարծում եմ, որ այսօր արդիական է դարձել ոչ միայն հայ ազգության ներկայացուցիչներին արագացված քաղաքացիություն տալու հարցը։ Գաղտնիք չէ, որ այլ պետությունների քաղաքացիներ Հայաստան են գալիս ապրելու, աշխատելու, ներդրումներ կատարելու նպատակով։ Կարծում եմ՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները, անհրաժեշտ է մշակել քաղաքացիության արագացված տրամադրման այլ մեխանիզմներ։ Օրինակ՝ դա պետք է արվի միջոցների ներդրման դեպքերում՝ մասնագետներ ներգրավելու համար, որոնց պակասը մեզ մոտ զգացվում է»,- ասաց պատգամավորը։

Նման համակարգ, նրա խոսքով, գործում է եվրոպական շատ երկրներում։

Հանրապետության փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, սակայն, կարծում է, որ արագացված ընթացակարգով քաղաքացիություն տրամադրելը՝ առանց հայկական արմատները հաստատող փաստաթղթի, չափազանց վտանգավոր է։ Քաղաքացիության տրամադրման կարգը, նրա կարծիքով, ընդհանուր առմամբ, արդեն պարզեցվել է։

Այսպիսով, դիմումի քննարկման ժամկետը 6 ամսից կրճատվել է մինչեւ 90 օր։ «Ավելին, նախագահին տրվել են նաեւ որոշակի լիազորություններ։ Նա, օրինակ, կարող է քաղաքացիություն շնորհել այն անձանց, որոնք հատուկ ներդրում ունեն երկրի զարգացման գործում»,-ասաց փոխոստիկանապետը։