Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել կալանավորված «Մամիկոն Ասլանյան» կուսակցության առաջնորդ, կալանավորված Մամիկոն Ասլանյանի տեղակալ Արկադի Փելեշյանը։ NEWS.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ լուրը, նշելով, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է։

«Ես հստակ չեմ կարող ասել՝ նա կնշանակվի՞, թե՞ այլ անձ։ Վերջերս օրենսդրական փոփոխություն եղավ, որը վերաբերում է նաեւ Վանաձոր խոշորացված համայնքին։ Նախագահի ստորագրելուց 10 օր հետո վարչապետը կարողանում է նշանակել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մեկ կամ երկու օրից պարզ կլինի»,- նշեց մարզպետը։

Արամ Խաչատրյանի խոսքով՝ այս ընթացքում դեռեւս դատական գործընթացներ կան, եւ իրենք չգիտեն՝ երբ կավարտվեն դրանք.

«Վանաձորը պետք է ունենա համայնքապետ, դրա անհրաժեշտությունը կա։ Երբ դատական վեճը կավարտվի, արգելանքը կհանվի, ավագանու նիստ կհրավիրվի ու կորոշվի թե ով է լինելու համայնքապետ։ Հիմա մենք պարտավոր ենք նշանակել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար»։

Հարցին՝ արդյոք այս թեմայի շուրջ ինքը խոսե՞լ է Արկադի Փելեշյանի հետ, Արամ Խաչատրյանն ասաց. «Հատուկ խոսակցություն չենք ունեցել։ Չի բացառվում, որ առաջիկայում կհանդիպենք, կխոսենք, ինչու չէ նաեւ մյուս ուժերի հետ կքննարկենք քաղաքի առաջիկա խնդիրներ»։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքը Վանաձորի ավագանու դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։ Վարչական դատարանի առաջին երկու ատյանները մերժել էին կուսակցության հայցն ու անփոփոխ թողել ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքները, ըստ որի «Լուսավոր Հայաստանը» բավարար ձայներ չէր ստացել ավագանի անցնելու համար։ Դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացված ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։ Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։

2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

«Ոտնահարում են 14 հազար վանաձորցու քվեն. սա իշխանության զավթում է». «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ