Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մտավախություն ունի ինչպես իր կյանքի, այնպես էլ իր առողջության համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ մեկնաբանելով գործող իշխանության նոր աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունը։
Այսպես, Պետական պահպանության ծառայությունը, որը գործող օրենսդրությամբ Ազգային անվտանգության ծառայության կառույցի մեջ է մտնում, կառավարությունը մտադիր է անջատել ԱԱԾ համակարգից՝ դրանով իսկ ձեւավորելով պետական առանձին կառավարման մարմին, որն անմիջապես վարչապետին պետք է ենթարկվի։ Այս որոշումը, ինչպես կարծում է արդարադատության գեներալ-մայորը, բխում է ոչ միայն Փաշինյանի, այլեւ նրա թիմի անդամների շահերից։
Նշված փոփոխությունները, նրա խոսքով, նրանց էլ կառնչվեն։ «Սա կտարածվի նաեւ մյուսների վրա։ Այսպես ասած՝ այս անվտանգությունը բացառապես նրա անձով չի պայմանավորված։ Այն նաեւ պաշտոնատար այլ անձանց կառնչվի։ Նրանց պահպանությամբ նույնպես կզբաղվեն»,- պարզաբանեց Պետրոսյանը։




























