Դատավորների միությունն անտերության մատնված չի եղել, մեծ աշխատանք է կատարվել նախկին նախագահների կողմից. Դատավորների միության նախագահ ընտրվելուց առաջ իմ պատկերացումները կատարված աշխատանքների մասին այլ էին, այժմ, երբ ծանոթացա կատարված աշխատանքներին, իմ կարծիքը փոխել եմ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։
«Օգտվելով առիթից՝ ներողություն եմ խնդրում պարոն Խունդկարյանից իրեն քննադատելու համար, մասնավորապես, հունվարի 14-ին արած իմ հայտարարության համար», - ասաց նա:
Ազարյանը նշեց, թե գուցե թափանցիկ չեն եղել նախկին նախագահների աշխատանքները, բայց վստահեցրեց՝ զգալի աշխատանքներ են կատարվել։
Հիշեցնենք՝ միության նախագահի պաշտոնում Ալեքսանդր Ազարյանն ընտրվել է հունվարի 14-ին։
Անդրադառնալով մակագրման համակարգը վերագործարկելուն՝ Ազարյանը նշեց. «Ինչպես նախկինում աշխատել ենք, թող հիմա էլ մակագրման համակարգն շարունակի գործել»։




























