Խնդիրը բացառապես իրավական է. Մենք ունենք հավաքների անցկացման վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումներ, դրա վերաբերյալ օրենք և առաջնորդվում ենք տվյալ օրենքի դրույթներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց փոխխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ոստիկանությունը Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդներին թույլ չի տալիս վրան տեղադրել:
«Հավաքներ անցկացնելու վերաբերյալ պետք է լինեն համաապատասխան ծանուցումներ, որոնց ընդունման դեպքում միայն հնարավոր կլինի տեխնիկական սարքավորումներ տեղադրել։ Շտապ հավաքների դեպքում պետք է տեղեկացնել դրա մասին ևս և պետք է նշեմ, որ «շտապ ակցիա» հասկացությունն իր մեջ ներառում է բացառապես 6-ժամյա գործողություն, մինչդեռ ոստիկանությունը շտապ ակցիա իրականացնելու մասին ծանուցում ստացել է ապրիլի 19-ին և բնականաբար 6 ժամը չէր կարող տևել մինչև այսօր»,-ասաց նա:
Հարցին, թե 2018 թվականին, երբ Ֆրանսիայի հրապարակում տեղադրվում էին վրաններ, դրանց վերաբերյալ ծանուցում կա՞ր, փոխխոստիկանապետն ասաց. «Ես չեմ կարող ասել 2018 թվականին, դրանից առաջ կամ հետո ծանուցումներ եղել են, թե չեն եղել։ Ես կարող եմ պատասխանել այս պահի դրությամբ ծանուցումների հետ կապված հարցերին»:
Նա անդրադարձավ նաեւ վերջին շրջանում Երեւանում հաճախ տեղի ունեցող ոստիկանության ռեյդերին. «Պատճառների մասին բազմիցս խոսել ենք և հայցել ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։ Ունենք այնպիսի արդյունքներ, որոնք ստիպում են մեզ շարունակել նման միջոցառումները։ Բազմիցս նշել ենք, թե ինչ մեծ քանակի զենք և զինամթերք, թմրամիջոցներ, հետախուզվողներ են հայտնաբերվել այդ միջոցառումների ընթացքում։ Դրանից հետո միանշանակ է, որ այդ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Նաև պետք է նշեմ, որ մեր հասարակության տարբեր ներկայացուցիչներ այդ արդյունքներն արձանագրելու հիման վրա մեզ շարունակաբար դիմում են, որպեսզի մենք տարբեր թաղամասերում ևս նման միջոցառումներ իրականացնենք»:
Հարցին,թ ե Արթուր Վանեցյանի ակցիան ծանուցված և օրինակա՞ն է, Ֆիդանյանն արձագանքեց. «Մենք ստացել ենք մեկ ծանուցում ապրիլի 17-ին հրատապ հավաքի մասին, որը կարող է տևել 6 ժամ և հետևաբար մինչ այժմ շարունակվող ակցիան օրինական չէ։ Մենք հետևում ենք, որ լրացուցիչ միջոցներ չտեղադրվեն և փորձում ենք զերծ մնալ ավելորդ լարվածության ստեղծումից»:




























