Ճապոնական Nissan Motor կորպորացիան երկուշաբթի հայտարարել է համալիր ինքնավար համակարգի ստեղծման մասին, որը թույլ կտա խուսափել այլ մեքենաների, խոչընդոտների եւ հետիոտներին բախվելուց։ Համակարգի ստեղծումը նախատեսվում է ավարտել ներկա տասնամյակի կեսերին, իսկ մինչեւ 2030թ. սարքը կտեղադրվի Nissan-ի գրեթե ամբողջ արտադրանքում, նշվել է կորպորացիայի հաղորդագրությունում։
Յոկոսուկա քաղաքի ավտովարժարանում երկուշաբթի լրագրողներին ցուցադրել են, թե ինչպես է մեքենան ինքնուրույն խուսափել իր վրա շարժվող այլ մեքենային բախվելուց եւ անսպասելիորեն հայտնված «հետիոտն» մանեքենից։ Դրա համար օգտագործվել են սենսորներ, որոնք թույլ են տվել «գրանցել» մեքենայի շուրջ գտնվող բոլոր օբյեկտները եւ խոչընդոտները 300 մետր հեռավորության վրա։
Նոր համակարգը պետք է դառնա անվարորդ մեքենայի կարեւորագույն բաղադրիչը, նշել են Nissan-ում։ Նման աշխատանքներ կատարում են նաեւ այլ ընկերություններ։ Honda Motor-ն, օրինակ, ստեղծում է արհեստական բանականության համակարգ, որը նախապես վարորդին տեղեկացնելու է ի հայտ եկող սպառնալիքների եւ խոչընդոտների մասին՝ հաշվի առնելով նրա անհատական առանձնահատկությունները։ Այն նախատեսվում է ներդնել 2020-ական թթ. երկրորդ կեսին։





























