Չնախատեսված վայրում աղբի կուտակման վերաբերյալ բաժնի կողմից կազմվել է 8 վարչական իրավախախտման արձանագրություն և նույն փաստերի մասով ձևակերպվել վարչական տույժ նշանակելու 7 որոշում, կատարվել է վճարում 120,000 ՀՀ դրամի չափով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե աղբը չնախատեսված վայրում թափելու համար վարչական տույժի ենթարկվածները ֆիզիկական, թե իրավաբանական անձինք են:

Բաժնի պետը դժվարացավ պատասխանել՝ ասելով որ արձանագրությունները վարչական շրջաններում են կազմվել:

Քաղաքապետը դիմեց վարչական շրջանների ղեկավարներին, որոնք էլ հաստատեցին, որ իրավաբանական անձինք են եղել աղբը չնախատեսված վայրում տեղադրելու համար վարչական տույժի ենթարկվածները: Հրաչյա Սարգսյանը նկատեց, որ ֆիզիկական անձանց չեն կարողանում տուգանել, քանի որ խնդիրը իդենտիֆիկացումն է:

Խորհրդակցությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցչից տեղեկանալով, որ վերջիններս ունեն պլանշետներ, որոնցող իդենտիֆիկացնում են ֆիզիկական անձանց՝ Երևանի քաղաքապետը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր չէ մայրաքաղաքը կեղտոտող քաղաքացիներին էլ իդենտիֆիկացնել և պատժել:

Ոստիկանության պատասխանատուն հայտնեց, որ եթե վարչական շրջաններից դիմեն, ապա պարեկները կարող են մոտենալ և տեղում աղբ թափողին իդենտիֆիկացնել:

Արձանագրելով, որ աղբը չնախատեսված վայրում թափելու համար որևէ ֆիզիկական անձի վարչակա տույժի ենթարկելու ոչ մի դեպք չկա՝ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց առաջիկայում խորհրդակցություն անցկացնել այդ մեխանիզմն աշխատացնելու համար:

Հրաչյա Սարգսյանը նկատեց, որ կազմակերպություններ կողմից աղբը թափելու համար 30 հազար դրամ տուգանքը շատ փոքր է, պետք է այն տասնապատկել, իսկ ավտոմեքենաների համար 5 հազար դրամը պետք է դարձնել 50 հազար դրամ:

«Պարզապես ամոթ է, ուրիշ մարդիկ գալիս են, նյում են մեր խոզությունը, նայում են, մաքրում են, ասում են՝ մի աղտոտեք բնությունը: Ամոթ էր նայելը, թե ինչպես վերջերս ՌԴ-ից ժամանած քաղաքացիները մեր քաղաքում մաքրություն էին անում և մենք շարունակում ենք կեղտոտել»,-ասաց քաղաքապետը: