Ես հենց նոր դուրս եկա ոստիկանության Կենտրոնականի բաժնից, որտեղ բերման են ենթարկվել մեր երիտասարդներ, որոնք խաղաղ անհնազանդության ակցիաներ էին իրականացնում Երևանի տարբեր փողոցներում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց, բոլորի նյարդերը լարված են, իշխանությունները հասկանում են, որ ժողովրդական շարժումը թափ է առնում և չեն կարողանալու որևէ կերպ կասեցնել, ուզում են այսպիսի ակցիաներով մարդկանց վախեցնել, բայց որևէ բան չի ստացվելու: Երևի մտածում է, որ այդպես կկոտրի մեր կամքը, կվախեցնի մեզ կամ էլ կկասեցնի մարդկանց հոսքը։ Սիրելի ժողովուրդ, հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ, բոլորիդ այսօր սպասում եմ ժամը 18։30-ին Ազատության հրապարակում։  Մեր պայքարն անկասելի է, հաղթանակը անխուսափելի»,-ասաց նա։

Վանեցյանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքացուց է կախված, թե ինչ երկրում ենք ապրելու։

Նա նշեց, որ ժամը 19-ին կմեկնարկի իրազեկման երթ՝ Մաշտոցի պողոտա-Պարոնյան-Պռոշյան-Բաղրամյան երթուղիով։

Ազատության հրապարակում պայքարին ու դրա մասնակիցներին աջակցություն ու զորակցություն է հայտնելու հայտնի երգչուհիներից մեկը։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից ընդդիմությունը սկսել է փողոցային պայքարի ակտիվ փուլը։ Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը հայտարարել էր Ազատության հրապարակում անժամկետ ակցիաների և նստացույցի մեկնարկի մասին։