Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանից մարդիկ չեն կարողանում  հասնել քաղաքի այլ կայարաններ, այս մասին 168.am-ին տեղեկացրել է խմբագրություն զանգահարած մի քաղաքացի։

Նա նշել է, որ գնացքը դատարկ վագոններով անցել է և կանգ չի առել կանգառում մարդկանց տեղափոխելու համար:

Քաղաքացին պնդել է, որ 5-6 րոպե անց, երբ պետք է մոտենար հաջորդ գնացքը, հակառակ ուղղությամբ ընթացել է րոպեներ առաջ անցած դատարկ գնացքը և կրկին կանգ չի առել:

Մարդիկ մոտ 20 րոպե սպասելուց հետո սկսել են բողոքել, երբ վերջապես նրանց սպասարկել է հաջորդիվ ուշացումով մոտեցած  գնացքը:

Կայքի հետ զրույցում քաղաքացին նշել է, որ դա դիտավորություն էր, և իր կարծիքով՝ դա իշխանության կողմից մարդկանց տեղաշարժը դեպի Ֆրանսիայի հրապարակ խոչընդոտելու նպատակ ունի:

Ընդդիմության հանրահավաքին ընդառաջ ոստիկանական աննախադեպ ծավալի ուժեր են տեղակայված  Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում: Քաղաքացիներից մեկը 168.am-ին տեսանյութ է տրամադրել, որից պարզ է դառնում, որ ոստիկանական գումարտակներ են կուտակված Բաղրամյան պողոտայում՝ մասնավորապես ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մուտքի մոտ: