Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակության Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածը «բանավոր ըմբռնումով» թշնամուն հանձնած կոլաբորացիոնիստական վարչախումբը հսկայական ոստիկանական ուժեր է կուտակել հանուն Հայաստանի և Արցախի պայքարող հայաստանցիների դեմ: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այդ վարչախմբի ամբողջ ուժերն այս պահին փաստացիորեն նետված են ոչ թե թշնամու, այլ հենց այդ թշնամու դեմ պայքարողներին չեզոքացնելու համար, ուստի այլևս որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ ի դեմս կոլաբորացիոնիստ վարչախմբի, առկա է ոչ թե Հայաստանի և Արցախի, այլ թշնամական օրակարգով առաջնորդվող իշխանություն։

Հետևաբար, այժմ Երևանում ոչ թե սովորական քաղաքական, այլ ազգային-ազատագրական պայքար է», - գրել նա:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին: Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։