Ժողովուրդ ջան, այսօր բոլորը ֆանտաստիկ էին. փակ փողոցներ, ազդանշաններ, ԵՊՀ դասադուլ: Ես հասցրեցի բերման ենթարկվել ու իհարկե ազատ արձակվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Նա նաեւ հավելել է. «Ոչինչ ես ներում եմ ոստիկաններին: Այնուհետև հերթական փակ փողոցի մոտով անցնելիս օգնեցի տաղանդավոր լրագրող Լիային որին ոստիկանները առողջական լուրջ վնաս են պատճառել, տղամարդուն անվայել ձևով ու դա աններելի է...: Քիչ հետո լայվով կպատմեմ բոլոր մանրամասները»:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։




























