Վերջին օրերին մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում ընդդիմության կողմից կազմակերպված խառնակչություններին, որոնք ոչ այլ ինչ են, քան գործողություններ՝ միտված ապակայունացնելու մեր երկրի ներքին հանդարտությունը և որոնք անպայմանորեն ազդելու են մեր պետական սահմանների անվտանգության վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս օրերին առանձնահատուկ գովեստի է արժանի ՀՀ ոստիկանության ծառայողների անկողմնակալ և օպերատիվ գործունեությունը, որի հիմքում, ըստ էության, ընկած է պետության ներսում կայունության ապահովման խորը գիտակցումը։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը օրինակելի և պետականամետ աշխատանքի համար, վստահ եմ, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին՝ մերժելով մեր երկրի արտաքին և ներքին խաղաղությանը վնասող բոլոր տեսակի սադրանքները։ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան

Նշենք, որ Երեւանում վաղ առավոտից` չնայած չդադարող անձրևին, խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել: Փակվել են մի շարք փողոցներ: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ ժամը 14-ի դրությամբ բերման են ենթարկել 244 քաղաքացիների, այդ թվում ԱԺ պատգամավորների:

Երեկ չորս խորհրդանշանակ վայրերից Երևան են հասել Դիմադրության շարժման անդամները: Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել շարժման հանրահավաքը։ Հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստա» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։